Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին և բոլոր համաքաղաքացիներին՝ նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում վարչական բոլոր շրջաններում տնկվել է 8 հազար ծառ և թուփ, ևս 7000-ը տնկվել էր նախօրդած օրերին: Իսկ աշնանային ծառատունկի շրջանակում նախատեսված է ընդհանուր առմամբ տնկել շուրջ 20000:
Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում շարունակվում են ծառերի էտման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակել ծառատունկն ու շաբաթօրյակները:
«Անշուշտ ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակների մասնակիցների թիվը և մասնակցության ակտիվությունը: Սա իր հերթին նշանակում է, որ մեր համաքաղաքացիներն ավելի սրտացավ ու հոգատար են դառնում քաղաքի հանդեպ: Նման վերաբերմունքը ողջունելով, մեր համաքաղաքացիներին պետք է մշտապես ներգրավել քաղաքային ծրագրերի իրականացման գործընթացում: Ժամանակը ապացուցել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնցում իրենց մասնակցությունն ունեն նաև մեր բնակիչները, այդ թվում նաև կատարվող աշխատանքները վերահսկելու առումով, շատ ավելի արդյունավետ են: Ծառերի էտի դեպքում ևս մեր համաքաղաքացիների կողմից ներկայացված բոլոր հասցեներն ուսումնասիրեք և ձեռնարկեք համապատասխան քայլեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը ուժեղ քամու հետևանքով ծառերի տապալման դեպքեր արձանագրելիս, օպերատիվ կերպով կվերացնի դրա հետևանքները: