«Երեւան» կինոստուդիայի մասին օրեր առաջ ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում հայտնված աղմկահարույց գրառման հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռեժիսորի հետ եւ պարզել հետաքրքիր մանրամասներ: Նախ ներկայացնենք գրառումը, այնուհետեւ զրույցը:
«Ես 1997-2005թթ. գլխավորում էի հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիան, Տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության համակարգում, եւ պաշտոնապես հաստատում եմ, որ ապօրինի դրամական փոխանցումների պահանջներ մեզ ներկայացվել են մշտապես, եւ ամեն ամիս աշխատավարձ ստանալու նախապայման էր հանդիսանում կինոստուդիա փոխանցվող գումարից 3-5% կաշառք թողնելը` Հանրային հեռուստատեսության հաշվապահության միջնորդությամբ: Մերժելու դեպքում «Երեւան» կինոստուդիայի աշխատավարձը ուշացվում էր շաբաթներով, նվաստացնելով մարդկանց ու տապալելով ֆիլմերի նկարահանման ընթացքը: Դրան հետեւեցին «տարածքային պահանջներ» Հանրայինի կողմից, գույքի ու սարքերի զավթում, մեր ստուդիան «լոտո» նկարելու սրահի վերածելու փորձեր: Իմ դիմադրությունն առաջացրեց պատժամիջոցներ, որոնք 2000թ. սկսած բերեցին Հանրային հեռուստատեսության ու «Երեւան» կինոստուդիայի միջեւ կոշտ հակադրությանը, լույսի ու ջեռուցման անջատումով, մուտքը ոստիկաններով փակելով, նախագահականի, հարկայինի, վերստուգիչ պալատի անվերջ ստուգումներով, որոնք մի դեպքում տեւեցին 15 ամիս անընդմեջ: Մենք շարունակում էինք աշխատել եւ միջազգային մրցանակներ ստանալ ֆիլմերի համար: 2005թ. մարտի 1-ին ինձ ազատեցին գործից, իսկ «Երեւան» կինոստուդիան լուծարվեց: Իսկ հեռուստամաֆիան դեռեւս մնում է անպատիժ»:
-Պարո՛ն Խզմալյան, էլ ի՞նչ փաստեր կան, որ տեղ չեն գտել Ձեր գրառման մեջ:
-Ես չեմ ասել միայն այն մասին, որ մենք չնչին, ծիծաղելի գումարներով նկարել ենք ֆիլմեր, որոնք ստանում էին մրցանակներ: Այն, ինչ արեց Քոչարյանը «Հայֆիլմ»-ի ու «Երեւան» կինոստուդիայի հետ, ոճրագործություն է, մշակութային ցեղասպանություն:
Մենք ունեինք կինոարտադրություն Խորհրդային միության ժամանակ, եւ մորթել, սպանել դա… ես խոսքեր չեմ գտնում: Մեղմ ասած` դա սպիտակ ցեղասպանություն էր:
-Ինչո՞ւ եք այսքան տարի լռել եւ միայն հիմա որոշել բարձրաձայնել:
-Դուք երեւի տեղյակ չէիք այն պայքարի մասին, որ ընթանում էր այդ տարիներին, շատ երիտասարդ եք: Այն ժամանակ լուսաբանվել է, թե մենք ինչպես էինք աշխատում, երբ ոստիկանությունը մեզ ներս չէր թողնում, թե ինչպես Հանրային հեռուստատեսության քմահաճույքով հոսանքազրկում էին եւ այլն, եւ այլն…
Մինչեւ հիմա իմ նկարած «Սեպտեմբեր» ֆիլմը գտնվում է Հանրային հեռուստատեսության նկուղներում: Թույլ չեն տալիս այն երեւակել, մոնտաժել, ցուցադրել: Ես բազմաթիվ անգամ դիմել եմ, բայց ինձ նույնիսկ ներս չեն թողնում: Ես գնում եմ, ոստիկաններն ինձ ասում են՝ պարո՛ն Խզմալյան, կներեք, չեք կարող ներս մտնել:
-Ո՞վ է արել այդ կարգադրությունը:
-Ալեքսան Հարությունյանի ժամանակվանից այդպես է: «Երեւան» կինոստուդիայից մեզ հանելը բավական տարօրինակ հանգամանքներում տեղի ունեցավ: 2005թ. վերադարձանք Անգլիայի «Թաքնված գանձեր» փառատոնից, երբ ինձ հրավիրեցին ու առաջարկեցին ազատել տարածքը: Դա բավական խորհրդանշական էր. մենք վերադարձանք մրցանակներով, իսկ մեզ արժանացրին այդպիսի ցեղասպանական վերաբերմունքի:
-Չպարզաբանեցի՞ն, թե որն է պատճառը:
-2000թ.-ից արդեն սկսվել էին «Երեւան» կինոստուդիան լուծարելու եւ Հանրայինին միավորելու աշխատանքները: Շուրջ 4-5 տարի դիմակայում էի դրան, գրում էի նամակներ անգամ Քոչարյանին, որովհետեւ հենց ինքն էր ինձ հրավիրել այդ աշխատանքին: Այն ժամանակ, երբ ինձ հրավիրեց, ես աշխատում էի ՄԱԿ-ում` բավական բարձր պաշտոնի, փոխտնօրեն էի: Ինքը ինձ հրավիրեց, քանի որ ճանաչում էր արցախյան պատերազմի տարիներից, դա 1996 թվականն էր, նա դեռ վարչապետ էր: Ինձ ասաց՝ մեզ անհրաժեշտ են քեզ պես հայրենասերներ, ես էլ, ինչպես ասում են, կերա այդ կուտը, թողեցի իմ աշխատանքը ՄԱԿ-ում ու եկա աշխատելու «Երեւան» ստուդիայում: Ինչքան հիշում եմ, աշխատավարձս էլ այդ ժամանակ 28.000 դրամ էր: Երբ եկա, ստուդիան կիսամեռ վիճակում էր, ինձ էլ ասացին՝ մեզ պետք է ազգային կինո, ու 1997-1999թթ. մենք կարողացանք վերականգնել աշխատանքը, արտադրությունը, նկարահանել կինո` ե՛ւ ժապավենով, ե՛ւ վիդեո:
Մեր ընդհանուր ստուդիայի տարեկան բյուջեն ավելի փոքր էր, քան հեռուստատեսության տնօրենի ծառայողական ավտոմեքենայի արժեքը: Մեր բյուջեն` ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ հարկերը, ե՛ւ ֆիլմարտադրությունը, չէր գերազանցում տարեկան 55-60 հազար դոլարը: Խոսքը, ինչպես տեսնում եք, ծիծաղելի գումարների մասին է:
«ԻՆՁ ՆՈՒՅՆԻՍԿ ՆԵՐՍ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ