Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Զարինջայի միջնակարգ դպրոցը տնօրեն չունի: Արդեն երկրորդ անգամ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար բաց մրցույթ է հայտարարվում, սակայն դեռ ոչ ոք իր թեկնածությունը չի առաջադրել: Բանն այն է, որ դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավարման տարիներին դպրոցը որոշակի պարտքեր է կուտակել, ինչի պատճառով էլ շատերը չեն համարձակվում առաջադրել իրենց թեկնածությունը դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանի՝ այս տարվա օգոստոսի 18-ի հրամանով աշխատանքից ազատվել է Զարինջայի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիմավոն Ղազարյանը: Պատճառը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից Զարինջայի դպրոցում բացահայտված խախտումներն են: Ներկայումս դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Շողիկ Ստեփանյանն է: Նշենք, որ այս պահին Զարինջայի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված է բաց մրցույթ: Իսկ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք թեկնածություն չի առաջադրել:
Զարինջայի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շողիկ Ստեփանյանը 25 տարի է, ինչ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Նա դեռ մտորում է՝ առաջադրե՞լ իր թեկնածությունը դպրոցի տնօրենի պաշտոնի համար, թե՞ ոչ: Վերջինս «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դպրոցը շուրջ 700 հազար դրամ է պարտք «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Հենց այս փաստն էլ Ստեփանյանին խանգարում է տնօրենի պաշտոնի համար առաջադրել իր թեկնածությունը: «Այն ժամանակ, երբ բացահայտվեց, որ դպրոցը պարտք ունի, հետո տնօրեն Սիմավոն Ղազարյանին ազատեցին աշխատանքից, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարվեց, բայց ես չառաջադրեցի իմ թեկնածությունը. մտածեցի՝ այդ պարտքը ես ո՞ւմ կամ ի՞նչ միջոցներով եմ մարելու: Եթե ուսղեկի աշխատավարձից պոկելով պետք է վճարեմ, ապա իմ աշխատելն ինչ իմաստ ուներ, որովհետեւ ուսուցչի աշխատավարձին էլ կպչելու դեպքում ողջ կոլեկտիվը կբողոքեր»,- ներկայացրեց տիկին Ստեփանյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ դպրոցը էլէներգիայի պարտքը ՀԷՑ-ին կուտակել է նախորդ տարիներից, երբ տնօրենն էր Սիմավոն Ղազարյանը: Զարինջայի միջնակարգ դպրոցի տնօրենի ԺՊ Ստեփանյանի խոսքերով՝ սա նույնիսկ հաստատվել է մարզպետարանի կողմից անցկացված աուդիտի ժամանակ. սպառած էլէներգիայի պարտքը կուտակվել է նախկին տնօրենի պաշտոնավարման տարիներին: «Բայց ՀԷՑ-ի հետ պայմանավորվածության եկանք եւ որոշեցինք մաս-մաս մարել կուտակած պարտքը, մինչեւ այն ամբողջությամբ մարելը: Այս պարտքին գումարվեց եւս մեկ խնդիր. աշակերտների թիվը զգալի նվազեց: Բայց այս անգամ, հավանաբար, կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- նկատեց դպրոցի տնօրենի ԺՊ-ն:
Իսկ, ահա, դպրոցի արդեն նախկին տնօրեն Սիմավոն Ղազարյանը (վերջինս 3 տարի է աշխատել որպես դպրոցի տնօրեն) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց արդարանալ, որ ինքը դպրոցից գումար չի յուրացրել: Նրա պատմելով՝ ՀԷՑ-ի հետ միասին դպրոցի տնօրինությունը համապատասխան հաշվարկներ է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ ՀԷՑ-ի հաշվարկները «ավել են եղել»: «Իրենք առաջարկեցին մաս-մաս մարել: Ամիսներով չի վճարվել եւ այդպես է կուտակվել պարտքը: Մոտ մեկ տարվա պարտք է: Ոչ մի կոպեկ չեմ յուրացրել: Դպրոցը գումար չի ունեցել, դրա համար էլ պարտքեր է կուտակել: Պետության ֆինանսավորումն այնքան փոքր է, որ մի կերպ էի կարողանում ուսուցիչների աշխատավարձերը տալ: Ծերը ծերին հասցնում էինք: Այն էլ՝ տնտեսելու շնորհիվ»,- ներկայացրեց նախկին տնօրեն Ղազարյանը: Նշենք, որ Ղազարյանը հիմա դպրոցում աշխատում է որպես ուսուցիչ եւ լրացուցիչ զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ինչ տեսակի խախտումներ է բացահայտել դպրոցում, որն էլ պատճառ է դարձել աշխատանքից ազատման, Ղազարյանը պատասխանեց. «Ուսուցիչը 5 դասաժամ մատյանում պակաս է լրացրել, եւ ուսուցչի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի հայտարարությունը ուշ եմ տվել: Սրանք են եղել ինձ աշխատանքից ազատելու պատճառները, որոնք անհիմն են»:
Այնուամենայնիվ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Արագածոտնի մարզպետարանի կրթության բաժնից: Սակայն բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանը նույնիսկ տեղյակ էլ չէր, թե ինչ է կատարվում Զարինջայի միջնակարգ դպրոցում: Նա անգամ տեղյակ չէր, որ դպրոցն ունի էլեկտրաէներգիայի պարտք. «Բոլորովին անծանոթ հարց է, եւ դպրոցի տնօրենը այն երբեւէ չի քննարկել մեզ հետ»: Իսկ դպրոցի նախկին տնօրեն Սիմավոն Ղազարյանի աշխատանքից ազատման մասով հրաժարվեց պարզաբանել՝ պատճառաբանելով, որ հեռախոսով չի կարող խոսել:
Վերջինիս աշխատանքից ազատման մասով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության ներկայացուցիչ Զարուհի Միքայելյանը փոխանցեց, որ տեսչության կողմից հայտնաբերված թերությունների մասով լիազոր մարմինն է որոշում, թե ինչպես պատժել դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենին: Տվյալ դեպքում լիազոր մարմինը մարզպետարանն է: Իսկ լիազոր մարմինը անտեղյակ է, թե ինչ է կատարվում իր ենթակայության տակ գտնվող կրթական կառույցներում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ում ահաբեկչության վարկածը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նիստի ժամանակ: «Ուղեւորների անձնական իրերի, ուղեբեռի եւ ինքնաթիռի մասերի հետաքննություն է անցկացվել: Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ սարքերի հետքեր»,-հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին կործանվեց Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնող ռուսական A321 ինքնաթիռը, որում գտնվող 217 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվեցին: