ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՏԱՐՈՆԻՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկություն ստացավ, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ՝ հանդիպելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մեր թղթակիցներն անմիջապես գնացին Մելիք-Ադամյան փողոց՝ պարզելու՝ մարզի բնակիչները հանդիպում են Տարոն Մարգարյանին, որ ի՞նչ անեն: Ժամը 18:00-ից աժիոտաժ էր ՀՀԿ գրասենյակի առջեւ: «Բերման ենթարկված» մարդիկ խմբված սպասում էին: Քիչ ավելի ուշ նրանք ներս մտան: Այնուհետեւ ՀՀԿ գրասենյակ ժամանեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու բարեւեց բոլորին: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողները լուսանկարեցին մարզպետին, նա կատակեց. «Նկարում եք, գոնե էդ լուսանկա՛րը տվեք», ապա ժպտաց ու հեռացավ: Նրա հետ էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Ասել է թե՝ Արմավիրի մարզի հակագեներալական թեւը: Վերջում կուսակցության գրասենյակ ժամանեց Տ. Մարգարյանը: Փորձեցինք նրանից պարզել, թե ինչու է հանդիպում մարզի բնակիչների հետ, սակայն նա իր դեմքի խոժոռ արտահայտությունը չփոխեց ու անարձագանք թողնելով մեր հարցը՝ ներս մտավ:
Ավելի ուշ պարզեցինք, որ Արմավիրի մարզից «բերման» էին ենթարկվել դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց Տ. Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն, ակտիվ քարոզչություն անել, քանի որ մարզում երեւանցի աշխատակիցներ շատ կան: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է պետական լծակներն օգտագործել՝ ի շահ կուսակցության:




Լրահոս