Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Սիրիա «Իսլամական պետության» դեմ պայքարի համար զինված ուժեր ուղարկելու մասին որոշմանը, փոխանցում է Reuters-ը:
Spiegel-ի տեղեկությունների համաձայն` Սիրիայում ռազմական օպերացիային մասնակցելու համար Գերմանիան 1,2 հազար զինծառայող կուղարկի: Այդ օպերացիան, պարբերականի փոխանցմամբ, կարող է ամենախոշորը դառնալ արտասահմանյան առաքելությունների շրջանում:
Իսլամիստների դեմ պայքարի համար 134 մլն եվրո կծախսվի: Օպերացիայի անցկացման մասին որոշումը պետք է ներկայացվի Բունդեսթագին:
Նշվում է, որ Գերմանիան պլանավորում է «Տորնադո» հետախույզ ինքնաթիռներ ուղարկել Սիրիա:
Նոյեմբերի վերջին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի զինծառայողները ներդրում կունենան «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան