77-ամյա Բավական Սարգսյանն իր 80-ամյա ամուսնու՝ Մաքսեւան Աբգարյանի հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում: Ծեր ամուսինները ողջ ձմեռն ու գարնան այս ամիսներն անցկացնում են փոքր քարե սենյակում՝ սոցիալապես ծանր պայմաններում: Ամուսինների ստացած թոշակը չի բավականացնում անգամ գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարներին:
«Թոշակ ստանում ենք, բայց տատը մեռնի քեզ, չի բավարարում: Գազին, լույսին հերիք չի անում: Էս ցուրտ եղանակի պատճառով 40 հազար դրամ միայն գազի վարձն ենք մուծել: Երբեմն անկողնուց չենք ուզում վեր կենալ, որ չմրսենք: 20 հազարով ինչքա՞ն յուղ, պանիր, մակարոն, հաց գնենք, որ մեզ մեկ ամսում ապահովի: Դրան գումարած՝ գոմի մեջ ենք ապրում: Թոնրատունը փլվել էր, գյուղապետին խնդրեցի օգնել, բայց չօգնեց: Ոչ ոք չի օգնում մեզ»,-ներկայացրեց Բ. Սարգսյանը` տեղեկացնելով, որ ինքը ստանում է 30 հազար դրամ թոշակ, իսկ ամուսինը՝ 29 հազար:
Բավական տատիկի ամուսնու` 80-ամյա Մաքսեւանի աչքերը լավ չեն տեսնում, բացի այդ, առողջական շատ խնդիրներ ունի, որոնց պատճառով էլ գրեթե ողջ օրն անցկացնում է անկողնում: Իսկ Բավական տատիկը երեք անգամ միկրոինֆարկտ է տարել, սակայն ինչ-ինչ պատճառներով չունի հաշմանդամության համապատասխան կարգ: Անօգնական ամուսինները նույնիսկ «Փարոս» համակարգում ընդգրկված չեն: Բավական տատիկի պատմելով՝ իրենց երկու որդիները քսան տարուց ավելի է, ինչ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ծնողներին օգնել:
«Ես երեք անգամ միկրոինֆարկտ եմ տարել, իսկ հիմա հաշմանդամության կարգ էլ չունեմ: Իմ երկու տղեն Ռուսաստանի փողոցներում են` սոված-ծարավ, ինձ չեն կարողանում մի կոպեկով օգնել: Մեկը Նովոսիբիրսկում է, մյուսը՝ Օդեսայում: Էս քսան տարուց ավելի է, ինչ Հայաստանում չեն: Լուր չունեմ որդիներիցս: Իմ աղջիկն էր մեզ պահում, ամեն ինչով մեզ օգնում էր, բայց ինքն էլ մահացավ: Հիմա միայն ես ու ամուսինս ենք մնացել մեր ընտանիքից: Հաշմանդամի պես տանն ենք»,-լացակումած ձայնով պատմեց Բավական տատիկը:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ մի քանի անգամ նամակ է գրել Սերժ Սարգսյանին, դիմել գյուղապետ Տարոն Քոչարյանին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: «Աղջի՛կ ջան, գիտես, թե քանի անգամ եմ բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին, բայց չի օգնում: Ջահել ժամանակ գոնե կարողանում էինք կարտոֆիլ ցանել, մշակել, հիմա հաշմանդամի պես տանն ենք: Չենք կարողանում գոյություն պահպանել: Մի քիչ կարտոֆիլ ունեմ հորի մեջ, բայց առնող չկա, որ ծախեմ ու սուրճ գնեմ: Փող չունեմ, որ պեսոկ գնեմ»,-շարունակեց պատմել Բավական տատիկը՝ ընդգծելով, որ հարեւանները ժամանակին շատ են օգնել իրենց, բայց հիմա, չգիտես ինչու, «երես են թեքել» իրենցից:
«Ժողովուրդ»-ն անօգնական ամուսինների հարցով դիմեց Կարճաղբյուրի համայնքապետ Տարոն Քոչարյանին: Վերջինս զարմացած ասաց. «Իրենք ինձ երբեւէ չեն դիմել: Դա բացարձակ սուտ է: Բայց Ձեզ ասեմ, որ իրենք ինձ համար հարազատ մարդիկ են, մենք ժամանակին մտերիմ ենք եղել: Ճիշտ է, որդիներն այժմ գյուղում չեն, Ռուսաստանում են, բայց ես այսքան ժամանակ փորձել եմ իրենց ծնողի պես հարգել ու ընդունել: Հիմա թե ինչու են նրանք այսպիսի բաներ ասում, ես տեղյակ չեմ: Ախր միշտ օգնել եմ իրենց»:
Զրույցի վերջում գյուղապետը խոստացավ հանդիպել նրանց եւ հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն. «Կփորձեմ օգնել նրանց»:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը կշարունակի հետաքրքրվել անօգնական ամուսինների վիճակով` պարզելու համար` համայնքապետն օգնել է նրանց, թե ոչ:
«ՓՈՂ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ՊԵՍՈԿ ԳՆԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ