Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 1-ին և 2-րդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:

Ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հինգ տարի տևողությամբ և 21.33 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով այս ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներին, իրականացնել արոտօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, աջակցել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների բարելավմանը:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ նախատեսված 55 համայնքի փոխարեն ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում ծրագրում ընդգրկվել է 91 համայնք, որոնցում ստեղծվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 74 համայնքում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, 74 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 664 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 143 անիվավոր տրակտոր, 91 մամլիչ-բարդոցիչ 430 միավոր այլ գյուղգործիքներ և 91 համայնքի կոոպերատիվների անդամների համար կազմակերպվել են դասընթացներ: Բացի այդ, Արագածոտնի մարզի Արտաշավան, Սյունիքի մարզի Խնձորեսկ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում կառուցվել և արդեն իսկ գործում են անասնաբուժական սպասարկման կենտրոններ:

Ըստ գրասենյակի տնօրենի` իրականացված միջոցառումների արդյունքում ջրարբիացվել է նախկինում չօգտագործվող կամ թերի օգտագործվող շուրջ 121,500 հա արոտ, ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունն ու քաշաճը, իսկ ստացված անասնապահական արտադրանքի վաճառքից ֆերմերային տնտեսությունների կողմից ստացված եկամուտներն ավելացել են կրկնակի անգամ:
«Գրանցված լավ արդյունքների շնորհիվ ծրագիրն այսօր չափազանց պահանջված է և անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների շրջանում մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Համաձայն մշտապես իրականացվող մոնիտորինգի տվյալների՝ ծրագրի մեկնակից ավելի քան 4 տարի անց խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունն ավելացել է շուրջ 26, քաշաճը՝ 18 տոկոսով»,-իր խոսքում նշել է Գագիկ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է նաև 2015 թվականի փետրվարից գրասենյակի կողմից իրականացվող հնգամյա «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին, որի ընդհանուր արժեքը 42.67 միլիոն ԱՄՆ դոլար է:

Երկրորդ ծրագրի հիմնական նպատակներն են շարունակել բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում, ինչպես նաև ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային՝ կաթի, մսի, մրգի/բարձրարժեք հատապտղի և բանջարեղենի արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ:
Երկրորդ ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել նախատեսված 8 մարզի 25 համայնքի փոխարեն 55 համայնքում, իսկ ջրարբիացման և գյուղտեխնիկայի տրամադրման հիմնական աշխատանքները համայնքներում կմեկնարկեն 2016 թվականին:

Արժեշղթայի զարգացման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել տեղական արտադրողներին և վերամշակողներին` իրենց արտադրանքը ստանդարտացնելու, տնտեսություններում արտադրվող ապրանքի որակն ու կիրառվող պատշաճ գյուղատնտեսական չափորոշիչները բարելավելու, սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա փորձը ներդնելու, վերամշակման, պահպանման, արտադրանքի մշակման, շուկայահանման և արտադրանքի որակի ապահովմանն ուղղված միջոցառումները բարելավելու, ապրանքանիշեր գրանցելու և հավաստագրելու նպատակով: Արդեն իսկ կայացել է արժեշղթայի զարգացման ծրագրերի առաջին փուլի մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 16 բիզնես-հայտ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս