Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հայ-նիդերլանդական քաղաքական երկխոսության առավել ամրապնդման տեսանկյունից, Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի հաճախակի փոխայցերն ու հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կբացեն նաև տնտեսական համագործակցության զարգացման համար: Համակարծիք լինելով, որ առևտրատնտեսական փոխգործակցությունը երկկողմ օրակարգի կարևոր մաս է կազմում, և Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, ՀՀ Նախագահը և Նիդերլանդների դեսպանն ընդգծել են այդ ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը՝ ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման գործում ԵՄ հիմնադիր անդամ Նիդերլանդների դերակատարությանը:

Սերժ Սարգսյանը և դեսպան Դաուման մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:




Լրահոս