Թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր մեր օրացույցի ամենաանհեթեթ կարմիր օնր է` Աշխատավորի օրը… Չէ, քամահրանք չունեմ աշխատանքի ու աշխատավորի հանդեպ, պարզապես մի երկրում, ուր աշխատավոր բառը շատ վաղուց դուրս է մղվել հանրային գիտակցությունից, ուր ոչինչ չի արվում աշխատավորության համար, ուր աշխատավորության գլխավոր հենարանները` արհմիությունները, վերածվել են դրանց նախագահների բարեկեցությունն ապահովող ներփակ կառույցների,- աշխատավորի օր նշելը զավեշտի է նման: Եթե աշխատավորի օր, ապա` հանդիսություններ, համաժողովրդական միջոցառումներ, աշխատավորների մեծարման հանդեսներ, պարգևատրումներ և այլն… Դրանք այսօր չկան: Ուրեմն, մեր իշխանությունները հեգնանքով ու քմծիծաղով են նայում այս ամենին` օրն օգտագործելով իրենց հերթական խնջույքների և զավրճությունների համար: Պատահական չէ, որ այսօր ոչ ոք պաշտոնական ամբիոններից դեռ աշխատավորներին չի շնորհավորել… Գուցե ամաչում են, գուցե ամոթի զգացումը ստիպում է նրանց անկյուն քաշվել…
Իսկ ես, ի տրիտուր իշխանական լռության, շնորհավորում եմ բոլոր աշխատող ու չաշխատող աշխատավորներին, բոլոր նրանց, ովքեր այս երկիրն են կառուցել, ովքեր այսօր դիմագրավում են դժվարություններին, ովքեր այսօր գործազուրկ ,,.տիտղոսն,, առած իրենց ուսերին` երազում են մի նոր ու աշխատավորներով շնչող երկրի մասին…