ԵՐԲ ԱՆՄԱԿԱՐԴԱԿԸ ԽՈՍՈՒՄ Է ՉՈՒՆԵՑԱԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ աշխարհում մամուլի խոսնակի պարտականությունը պաշտոնյաների հետ լրատվամիջոցների կապի ապահովումն է: Բայց, ինչպես մյուս գործառույթները, Հայաստանում ձեւախեղված է նաեւ այդ աշխատանքի էությունը: Խոսնակները հիմնականում հանդես են գալիս իրենց շեֆին լրագրողներից պաշտպանելու դիրքերից: Ասել է թե՝ «ախրաննիկ»՝ փոքր-ինչ քաղաքակիրթ տեսքով, բայց ոչ թիկնապահ:
Ինչո՞ւ է այդպես: Կարծում ենք՝ առաջին պատճառներից մեկն այն է, որ չինովնիկների մեծ մասը հիմնականում անազնիվ ճանապարհներով է գումարներ վաստակում՝ թերանալով իրենց հիմնական գործառույթներն իրականացնելիս: Դրա համար էլ լրագրողներին չհանդիպելու համար պատրաստ են ամեն ինչի: Իսկ խոսնակներն էլ փոխանակ բացատրեն, որ թափանցիկ աշխատանքն ու լրագրողների հետ շփումն ավելի կարեւոր է, քան «ախրաննիկների» թիկունքում ամոթալի կյանքով ապրելը, հլու-հնազանդ ձեւով կատարում են շեֆի կամայականությունները՝ հաճախ հիմար վիճակում հայտնվելով:
Երեկ նմանատիպ իրավիճակում էր հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը. նա փորձել էր «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 24-ի (N527) համարում «Էլիտար թշվառները» խորագրի ներքո Սեյրան Օհանյանի մասին արված հրապարակմանը արձագանքել, բայց նույնիսկ դրա շնորհքը չի ունեցել: Նախ չի նշել, թե որ լրատվամիջոցում է հրապարակվել, սակայն մանրամասն «վերլուծել» է մեր օրաթերթի հոդվածը:
«Գիտակցելով ձեր մակարդակն էլ, նպատակներն էլ, մղումներն էլ` կուզենանք ձեր «գոհարը» մանրամասնել նաեւ այլոց համար»,-գրել է մակարդակի բացակայության տարօրինակ դրսեւորումներով աչքի ընկնող Արծրուն Հովհաննիսյանը: Հատուկ «ախրաննիկ խոսնակի» համար ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի նպատակը մեկն է՝ ընթերցողների հետ լինել անկեղծ, չթաքցնել իրականությունը եւ իրերը կոչել իրենց անուններով:
Այն, որ Սեյրան Օհանյանն ունի մարտական փայլուն ուղի (ինչի համար շնորհակալ ենք նրանից) եւ այսօր էլ պաշտպանության նախարար է, չի նշանակում, որ լրագրողներն իրավունք չունեն նրա մասին որեւէ բառ գրել: Ինչո՞ւ չպետք է հասարակությունն իմանա, որ Սեյրան Օհանյանը, Արցախից Հայաստան գալով, ավելացրել է անձնական ունեցվածքը: Ինչո՞ւ չպետք է մատնանշվի, որ նա Սեւանա լճի ափին (դեռ պարզ չէ՝ օրենքի խախտմամբ, թե ոչ) կառուցել է հսկայական ապարանք՝ իր հանգիստը վայելելու համար: Ինչո՞ւ չպետք է մարդիկ իմանան նրա կենսագրության թռիչքները: Ինչո՞վ է նա արտոնյալ: Կարծում ենք՝ նախարարին քծնելու համար լրատվամիջոցի հետ թշնամանալը չի բխում հենց պետական գերատեսչության շահերից:
Ինչեւէ, եթե Արծրուն Հովհաննիսյանը փորձի «կամուֆլյաժ» հագնելով եւ մեծն հայրենասերի կերպարով շարունակել մեզ դասեր տալ, անհրաժեշտ կլինի որոշ բացահայտումներ անել, թե ինչպես է նա օսլայած մազերով «ռազմահայրենասերների» պատվերով իր սիրելի որոշ լրատվամիջոցներին հայկական բանակի գեներալիտետի մասին հաճախ չափազանցված ինֆորմացիա տալիս… Ճիշտ են ասում, որ ռազմական փորձագետները շատ հաճախ դառնում են փորձանքագետներ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս