Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ.
-Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք ընկնում պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ:
Անվտանգության ապահովման խնդիրն աննախադեպ սուր է ժամանակակից աշխարհում: Անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների՝ նույնիսկ ամենազարգացած համակարգեր ունեցող երկրներում մենք ականատես ենք դառնում արկածախնդիր և վայրագ գործողությունների: Այս նոր իրավիճակում բոլորիս գերխնդիրն է թույլ չտալ նման ողբերգական իրադարձություններ ու միջադեպեր մեր երկրում:
Հայաստանի Հանրապետությունը չպետք է կորցնի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկի իր համբավը: Մեր քաղաքացիները, ինչպես նաև մեր երկիր այցելող օտարերկրացիներն իրենց պետք է մշտապես ապահով զգան այստեղ:
Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ դուք կարողանում եք մասնագիտական բարձր մակարդակով և պատվով կատարել ձեր պարտքը մեր պետության և ժողովրդի առջև, որի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ:
Վստահ եմ, որ դուք նույն ոգով կշարունակեք լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության և ազգային անվտանգության մարմիններին վերապահված այլ խնդիրներ:
Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ ձեր բարձր առաքելության մեջ: