Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվում էր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների բողոքը: Վճռաբեկին բողոք ներկայացրած փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Ստեփան Ոսկանյանը չէին մասնակցում նիստին: Նիստը նախագահում է Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Վճռաբեկ դատարանը վճռեց բողոքը բավարարել մասնակիորեն: Գործը ուղարկվում է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործը վարույթ էր վերցրել մարտի 21-ին:
Հիշեցնենք նաև, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։
Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։
ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։ Քաղբանտարկյալների գործով դեկտեմբերի 13-ին դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացներ մինչև հունվարի 27-ը։ Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը, կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի դեմ բերված բողոքը: Դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը քսանօրյա ժամկետ էր հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար: Գործով կրկին դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան: