ԿԻՐԱԿԻ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են հնչել 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքն արագ ցնդում է կամ հեշտությամբ մաքրվում:
07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ տեղամասում հրամաններ էին տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:
01/08 տեղամասում` 180 դպրոցում, առավոտյան՝ Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը` քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն, ի դեպ, նախորդ օրը՝ երեկոյան, հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Կազմվել է արձանագրություն:
2/23 ընտրատեղամասում (Նոր Նորքի 6-րդ զանգված) քվեաթերթիկները հաշվելիս պարզվել է, որ 1900 թվեաթերթիկի փոխարեն առկա է 1800-ը: Կազմվել է համապատասխան արձանագրություն:
12/11 տեղամասում` 140 դպրոց` Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չեն թողել մտնել ընտրատեղամաս:
12/08 տեղամասում` 31 դպրոց, քվեասենյակից 10-15 մետր հեռավորության վրա մարդիկ ապահով վիճաբանել են խոստացված եւ չտրված գումարի պատճառով:
3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը: Հանձնաժողովի՝ ԲՀԿ-ն ներկայացնող անդամը նկատել է դա, «Հայ ազգային կոնգրես»-ի ու «Դաշնակցության» հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել, ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:
13/30 տեղամասում, որը գտնվում է Ջրաշեն համայնքում, ընտրական հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Սվետլանա Ամիրյանը, որն ընտրությանը մասնակցողների ցուցակներն է լրացրել, որեւէ մասնակցի դիմաց չի լրացրել անձնագրային տվյալները: Մինչ այդ 60 ընտրողներ մասնակցել են: Կազմվել է արձանագրություն: Սվետլանա Ամիրյանը դպրոցի տնօրեն է:
10:00 ՀՅԴ՝ Աջափնյակի «Երկաթե շերեփ» կոմիտեությունը ահազանգել է, որ Աջափնյակի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի այգում ընտրակաշառք է բաժանվում, մարդիկ ցուցակներում «ներկա» են ստանում եւ գնում քվեարկության:
10:55 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանովի փ., Ա-3 թաղ., մի քանի ՀՀԿ-ականներ, մտնելով ներս, պահանջել են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանից եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցքավորող սարքը գողացել են, հարձակվել դիտորդի վրա, սկսել սպառնալ, հայհոյել վերջինիս:
11:58 9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում:
12:00 9/05 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել բաժանողին:
13/27 ընտրատեղամաս` թիվ 67 մանկապարտեզ` Վարդաշեն, մուտք գործած ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը հարբած վիճակում հայհոյել եւ սպառնացել է դիտորդներին, որից հետո նրան են միացել սպառնալիքներով եւս մի քանի անհայտ անձինք: Եղել են մեծ կուտակումներ, եւ իրավիճակը տեղամասում չի վերահսկել:
12:15 08/28 ընտրատեղամասում` 91 դպրոց՝ Ախպարաշեն, անընդհատ մուտք են գործել ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք նույնիսկ դուրս հրավիրվելուց հետո քիչ անց կրկին մուտք են գործել տեղամաս: Հանձնաժողովի անդամները լիովին չեն տիրապետել իրավիճակին:
12:16 07/13 տեղամասում` 176 դպրոց, Ա-1 թաղամաս, երկու ընտրող եկել են անձնագրի մեջ ջնջված կնիքով ու փորձել կրկնակի քվեարկել, երբ դիտորդը նկատել է դա, նրանցից մեկը, որը կին է եղել, աղմուկ է բարձրացրել, գոռգռացել եւ հեռացել ընտրատարածքից:
12:22 08/06 տեղամասում` 9 դպրոց, Բատիկյան փողոց, մեկը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, սակայն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նկատել է դա, երկրորդ քվեաթերթիկն առգրավվել է եւ պատռվել: Կազմվել է արձանագրություն:
12:27 08/19 տեղամասում` 179 դպրոց, Ա-3 թաղամաս, ընտրողը քվեախցիկում լուսանկարել է սեփական քվեաթերթիկը:
«Իլուր»-ի հաղորդման համաձայն՝ մայիսի 5-ին` ժամը 08:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել (հաղորդում են ոստիկանությունից): Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 08:20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին, քվեատուփին մոտենալիս, եւ արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ: Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ. ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09:10-ին բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:
12:40 07/28 տեղամասում` 111 դպրոց, Լուկաշինի փ., արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից վերջինը գրանցվել է հանձնաժողովի կողմից: Միեւնույն ժամանակ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը եւ «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանն ուղղորդել են ընտրողներին, ելումուտ արել, դրսից ընտրողների ուղեկցել ընտրատեղամաս:
«Իլուր»-ի հաղորդման համաձայն՝ 12/32 ընտրատեղամասում քաղաքացի Սարիբեկ Մինասի Սահակյանը եկել է տեղամաս քվեարկելու եւ պարզել, որ իր անվան դիմեց արդեն ստորագրել են ու քվեարկել: Կազմվել է արձանագրություն:
13:06 07/13 տեղամասում` 176 դպրոց, Ա-1 թաղ., կնիքի դրոշմն անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել եւս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել ոստիկանության ներկայացուցչին:
14:07 07/19 տեղամասում` թիվ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս, ՀՀԿ ներկայացուցիչը գումար է փոխանցել ընտրողին նախքան քվեախցիկ մտնելը: Դիտորդի նկատելուց հետո մինչ այդ դրսում հավաքված կասկածելի երիտասարդների խումբը լքել է տարածքը:
08/34 տեղամասում` 137 մանկապարտեզ, քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայել են քվեաթերթիկները: Հանձնաժողովը արձանագրություն է կազմել:
15:07 07/28 տեղամասում` թիվ 111 դպրոց, Լուկաշինի փ., ընտրողն ընտրացուցակում գրանցվել էր այլ անձի փոխարեն, այնուհետեւ պատճառաբանել, որ սխալ է տեղի ունեցել, եւ այդ անձն իր եղբայրն է: Հանձնաժողովի քարտուղարը չի ցանկացել գրանցել խախտումը գրանցամատյանում եւ գրանցել է միայն դիտորդի պահանջից հետո:
12/13 տեղամասում` թիվ 135 մանկապարտեզ, Շիրակի փ., ժամը 15-ին մոտ մի ծեր մարդ քվեախցից ելել եւ փորձել է առանց քվատուփը գցելու հեռանալ: Հանձնաժողովականների հարցումներից հետո տեսնելով, որ մարդը քվեաթերթիկը չի ուզում գցել տուփը, ստուգել են քվեախուցը, որտեղ գտել են մի քվեարկած քվեաթերթիկ, ապա քաղաքացու մոտ՝ անձնագրի միջից, գտել են մի մաքուր չքվեարկած քվեաթերթիկ, որը վերջինս կամեցել է դուրս տանել: Հանձնաժողովի որոշմամբ այդ երկու քվեաթերթիկները համարվել են անվավեր, եւ կազմվել է արձանագրություն: Ենթադրվում է, որ քաղաքացին եղել է ընտրական կարուսելի մասնակիցներից:
12/23 տեղամասում` թիվ 115 դպրոց, Շիրակի փ., ՀՀԿ լիազորված անձը վկայական չի կրել, ՕԵԿ-ի ներկայացուցիչը պահանջել է կախել այն, ինչի արդյունքում երկարատեւ վեճ է սկսվել նրանց միջեւ:
16:35 13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին եւ ասել` «փողս տո՛ւր», հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է՝ ասելով. «Բոլորին տալիս եք, ինձ չե՞ք տալիս»,-ու հեռացել: Առկա է տեսագրություն:
06/15 տեղամասում` 156 դպրոց, Շիրազի փողոց, քվեախցիկի թիկունքում հայելի է եղել փակցված:
«Իլուր»-ն ահազանգ է ստացել, որ Քոչարի փողոցում գտնվող 4/23 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկին միանգամից երկու քվեաթերթիկ են տվել: Նույն տեղամասում պարզվել է, որ ցուցակում հայտնվել են 70 հոգի, որոնք Երեւանի գրանցում են ստացել ընտրության օրը նշանակելուց հետո եւ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրելու իրավունք չունեն: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել: Մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ 8/08 ընտրատեղամասում մի քաղաքացի ներկայացել է արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկով, փորձել է ստանալ եւս մեկն ու կրկնակի քվեարկություն իրականացնել: Կազմվել է արձանագրություն:
19:40 07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ, ՀՀԿ վստահված անձ Սուրիկ Հայկազի Վարդանյանն ահաբեկել եւ սպառնացել է դիտորդ Նաիրի Մաթեւոսի Հախվերդուն:
07/32 տեղամասում ժամը ութից հետո ՀՀԿ-ի վստահված անձինք եկել են տեղամաս՝ ներկա գտնվելու հաշվարկին, հանձնաժողովի նախագահը գրանցել է եւ թույլատրել ներկա գտնվել:




Լրահոս