ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է, ՆՈՒՅՆ ԱՐԵՎԸ, ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կազմն առաջիկայում լուրջ փոփոխությունների չի ենթարկվի. կփոխվեն միայն ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները:
Երեկ՝ երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավանեսյանին, որը 1998-99թթ. զբաղեցրել է ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարարի պաշտոնը: Իսկ Տիգրան Դավթյանը գործուղվելու է Արժույթի միջազգային հիմնադրամ՝ որպես ՀՀ ներկայացուցիչ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարությունում որոշակի կառուցվածքային փոփոխություններից հետո դառնալու է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Իսկ ֆինանսների նախարար է դառնալու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով համարվում է վարչապետի մերձավոր անձանցից մեկը. նա մշտապես աշխատել է Տիգրան Սարգսյանի ղեկավարության ներքո. երբ Տ.Սարգսյանը ԿԲ նախագահն էր, Դ. Սարգսյանը աշխատել է ԿԲ-ում՝ լինելով ԿԲ նախագահի օգնականից մինչեւ ԿԲ Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ, իսկ Տ.Սարգսյանի՝ կառավարություն տեղափոխվելուց հետո այս հինգ տարիներին Դ.Սարգսյանը եղել է աշխատակազմի ղեկավարը:
Կփոխվի նաեւ սպորտի  եւ երիտասարդության հարցերի նախարարը. Հրաչյա Ռոստոմյանի փոխարեն այդ պաշտոնին նշանակվելու է աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը: Մյուս բոլոր նախարարները շարունակելու են պաշտոնավարել:
Փաստորեն, Հայաստանում շարունակելու է իշխել այն թիմը, որի կառավարման հինգ տարիների ընթացքում, անգամ պաշտոնական տվյալների համաձայն, երկրում լրջագույն ձախողումներ են գրանցվել՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամ, օրեցոր խորացող արտագաղթ, աղքատություն եւ այլն, եւ այլն: Ճիշտ է, ՀՀԿ-ն կարող է հակափաստարկ ներկայացնել, որ փոխվել են հենց տնտեսական ոլորտի երկու նախարարները: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ, իսկ տնտեսական ոլորտի նոր նախարարները եւս իր կադրերն են, ապա ստացվում է, որ այդ փոփոխություններն ընդամենը կոսմետիկ բնույթ են կրում: Ասել է թե՝ շարունակվելու է նույն քաղաքականությունը, ինչ եղել է նախորդ հինգ տարիներին:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին «Ժողովուրդ»-ը հարցրեց՝ ինչու չարվեց այն, ինչ ժամանակին իրենք խոստանում էին՝ փոփոխություններ. «Դա ձեր կարծիքն է: Եթե մտածում եք՝ կառավարությունը պետք է 90 տոկոսով փոխվեր, ապա ասեմ, որ երեք նախարար է փոխվել: Ու համոզված եմ՝ կառավարությունն էլ ավելի արդյունավետ կաշխատի վարչապետի գլխավորությամբ, նախագահի գլխավորությամբ»:
Հարկ է նկատել, որ ՀՀԿ-ն շարունակում է կոալիցիոն կառավարման շրջանակներում իշխանությունը կիսել ՕԵԿ-ի հետ. մի քաղաքական ուժ, որը Երեւանի ավագանու ընտրություններում այդպես էլ չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի անցողիկ շեմը, իսկ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մի կերպ հաղթահարեց նաեւ խորհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը՝ զրոյական ազդեցություն ունենալով: Շարմազանովին հարցրինք՝ այսքանից հետո արդյոք իրենք չեն պատրաստվում վերանայել ՕԵԿ-ի հետ հարաբերությունների ձեւաչափը: Պարզվեց՝ ոչ: «Եվ ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմել ենք պառլամենտական ընտրություններից հետո»,-ասաց նա՝ հավելելով, որ ՕԵԿ-ն իրենց հուսալի գործընկերն է: ՕԵԿ-ն էլ երեկ հայտնեց, որ իրենց նախարարները եւս չեն փոխվի. ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարները կվերանշանակվեն Ս. Սարգսյանի կողմից:
Ի դեպ, այսքանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանին բավական ծանր օրեր են սպասվում: Մայիսի 20-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում է լինելու նաեւ նոր ձեւավորված կառավարության ծրագրի ներկայացումն ու քննարկումը: Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, իրենց քննադատություններով «հարձակվելու» են կառավարության ու Տ. Սարգսյանի վրա: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քաղաքական ուժերն արդեն իսկ սկսել են Տ. Սարգսյանի եւ նրա կառավարության գործունեության վերաբերյալ «դոսյե» հավաքել նրա վարած քաղաքականության ժամանակ գրանցված սոցիալ-տնտեսական ձախողումների վերաբերյալ, որպեսզի ԱԺ իրենց ելույթներում խոսեն փաստերով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս