Ապրիլի 29-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանն օլիգարխ Խաչիկ Խաչատրյանի կողմից լրագրողին հասցեագրված փողոցային արտահայտությունը` «պրաստիտուտկա», վիրավորանք չհամարեց եւ չպարտադրեց նրան ներողություն խնդրել:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ:
-Տիկի՛ն Մկրտչյան, ինչպե՞ս եք վերաբերում դատարանի այս որոշմանը:
-Մամուլի հետ առնչվող նման խնդիրների լուծումը ես միայն կապում եմ քաղաքական փոփոխությունների հետ: Այս իրադարձությունը եւս դիտարկում եմ քաղաքական հարթությունում: Եթե քաղաքական իրավիճակը փոխվի, այս հարցում եւս փոփոխություններ կլինեն:
-Այս ընթացքում մեր օրաթերթը կարծես թե միայնակ է պայքարում օլիգարխի դեմ, մինչդեռ Հայաստանում մի շարք կազմակերպություններ եւ մամուլի ակումբներ կան, որոնք լռեցին: Ինչպե՞ս կբացատրեք այդ վերաբերմունքը:
-Վերջին ժամանակահատվածում կարծես թե բոլորս միայնակ ենք լուծում մեր խնդիրները, եւ այն դարձել է մեզ համար սովորություն: Իհարկե, լավ չէ այս ամենը, եւ լրագրողական համաձայնությունը կարելի է իրականացնել միայն նորմալ, քաղաքակիրթ երկրներում, ու ես գտնում եմ՝ լուրջ խնդիրների շուրջ լրատվամիջոցների միասնական մոտեցումը կարող է հանգեցնել լուրջ քաղաքական փոփոխությունների:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որ կարողանանք միավորվել:
-Ես Ձեր այս հարցն ընդունում եմ որպես հորդոր, առաջարկ:
-Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք:
-Բնականաբար: Գիտեք, ուղղակի երբեմն զուտ հայտարարություն անելը, զուտ աջակցելը, չեմ ցանկանա, որ լինի այն տարբերակով, ասել է թե՝ խիղճը հանգստացնելու միջոց: Ուզում եմ՝ իրական գործունեություն լինի: Գիտեք, ամեն օրենք կրում է իր ժամանակի կնիքը: ՀՀ այս 21 տարիների անկախության ընթացքում օրենքները՝ հատկապես մարդու իրավունքների եւ լրագրողների գործունեության հետ կապված, հստակ արտահայտում են իշխող համակարգի տրամադրությունները: Այն ոչ թե պաշտպանում է քաղաքացուն, այլ պաշտպանում է քաղաքական խավին, եւ այդպիսի օրինակներ մենք շատ ունենք:
-Իսկ ի՞նչ առաջարկ ունեք իրավիճակը կարգավորելու համար:
-Չի կարելի կանգ առնել այս գործում եւ, ընդհանրապես, իրավունքների պաշտպանության հարցում, եւ մենք` Մամուլի ազգային ակումբը, պատրաստ ենք աջակցել, ինչով որ կարող ենք:
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ