ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Մեցցո» ակումբում առաջին անգամ հնչեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ռոյալի մոտ անձամբ կոմպոզիտորն էր:
Համերգից հետո կոմպոզիտորը մասնավորապես նշեց, որ ժամանակին սալոններում իրենց ստեղծագործություններն են հնչեցրել Մոցարտը, Բեթհովենը, Հայդնը եւ այլ երեւելիներ, ապա հավելեց. «Արեւմուտքում, օրինակ, մեծահարուստներն իրենց ապարանքներում ու դղյակներում կամ պարզապես շքեղ տներում ընդունելություն են կազմակերպում ու հպարտանում, թե իրենց մոտ առաջին անգամ կամ ընդհանրապես հնչել է այս կամ այն անվանի ստեղծագործողի արժեքավոր գործը: Վստահ եմ, որ մեր մեծահարուստներն էլ պետք է այդ մշակույթը «որդեգրեն»: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերն ունեն գեղարվեստի հավաքածուներ, որտեղ նույնիսկ եզակի նմուշներ կան: Հասկանալով, անշուշտ, որ դրանք մեծ արժեք են, այդուհանդերձ, կուզեի, որ մերոնց հաջորդ քայլը լիներ բարձր երաժշտարվեստի քաջալերումը, թեպետ այն եկամտաբեր չէ»:
Ճիշտն ասած, մեզ զարմացրեց հայտնի կոմպոզիտորի լավատեսությունը: Ինչպե՞ս կարող են մեր շատ մեծահարուստ երեւելիների, իշխանավորների ուղեղներում տեղավորվել Մոցարտի, Բեթհովենի, Հայդնի, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի կամ հենց Տիգրան Մանսուրյանի անունները: Էլ չենք խոսում այդ կոմպոզիտորների երաժշտության մասին: Նրանց ուղեղներում հիմնականում տաշի-տուշի անող «երգիչ-երգչուհիների» անուններն են ու նրանց հնչեցրած թուրքաադրբեջանաարաբական երաժշտությունը: Ուստի իրենց սիրասուն զավակների հարսանիքներին, ծննդյան օրերին հենց այդ «երգիչ-երգչուհիներն» են «տժժում ու տժժացնում»: Եվ մեր երկրում, անծայրածիր Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում անցկացվող զանազան մրցույթներն ու մրցանակաբաշխությունները մեր ասածի վառ ապացույցն են: Դե, իսկ բարձրակարգ երաժիշտների՝ նույնիսկ համերգներին գնալը շառ է (նախկին քաղաքապետի ականջը կանչի):
Այո՛, ճիշտ է ասում պարոն Մանսուրյանը, որ շատ մեծահարուստներ, իշխանավորներ ունեն գեղարվեստի հավաքածուներ, ընդ որում, չի բացառվում, որ այդ հավաքածուներում կան նաեւ ժամանակին պատկերասրահներից գողացված նկարներ: Բայց նույնիսկ եթե չկան գողացված գործեր, ինչպես մեծերից մեկն է ասել, արվեստի հավաքածու ունենալը դեռ արվեստ սիրել կամ արվեստաբան լինել չի նշանակում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս