ՀՀ Էներգետիկայի նախարարն անում է հայտարարություններ, որոնք դեմ են երկրի պետական շահերին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ անդրադարձել է իրանական գազի ներկրման հարցին` հայտարարելով, թե այսօրվա դրությամբ ռուսական գազն ավելի էժան է. «Իրանը այսօր չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվող գազը: Գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի եւ Իրանի միջեւ չեն տարվել»: Նախարարը նաեւ հերքել է մինչ այս Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսի բազմիցս արած հայտարարությունները, թե Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գնով գազ մատակարարել, քան ռուսականը.«Իրանի դեսպանի կողմից հայտարարություն, որ ավելի էժան գազ կտան, քան ռուսական գազը, չի եղել: Ոչ էլ նույն գնով, նման հայտարարություն չի եղել»,-հավաստիացրել է Զախարյանը:

Նախ` դեսպան Ռեյիսիի այդ հայտարարությունները եղել են հրապարակային եւ ոչ մեկ անգամ, եւ այս առումով Զախարյանի հերքումներն ուղղակի անիմաստ են: Բացի այդ` հասկանալի չէ, թե Երվանդ Զախարյանը որտեղից գիտի, որ Իրանը Հայաստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե երբեւէ այդ հարցով Հայաստանի եւ Իրանի միջեւ բանակցություններ չեն եղել: Տրամաբանական այս հակասությունն ի ցույց դնող հարցադրմանը պատասխանելով՝ Զախարյանը երեկ ընդամենն ասել է՝ գիտենք:
Իսկ հետաքրքիր է, «գիտունիկ» նախարարը գիտի, որ Ռուսաստանը դեպի Եվրոպա առաքվող գազի սակագինը 284 դոլարից նվազեցրել եւ հասցրել է 180-ի, այն դեպքում, երբ Հայաստանի շարքային քաղաքացիները այդ նույն ռուսական գազի համար վճարում են 320 դոլար: Ինչպես գիտենք՝ մեր ռազմավարական դաշնակցին Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերանայման խնդրանքով արդեն իսկ օրերս դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ռուսներն առայժմ չեն շտապում պատասխանել, եւ այս հարցի շուրջ Զախարյանը, պարզվում է, ոչինչ չգիտի: «Երբ կլինի պատասխանը Ռուսաստանի, այն ժամանակ բոլոր հարցերին կանդրադառնանք»,- արձագանքելով ռուսների մերժման դեպքում հնարավոր այլընտրանքների մասին հարցին` ասում է Զախարյանը:

Պարզապես տարակուսելի է. փոխանակ իրանական կողմի հետ բանակցելու եւ այդ բանակցություններով ռուսական կողմի վրա ճնշում բանեցնելու, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, փաստորեն, անում է հայտարարություններ, որոնք ուղղակիորեն դեմ են Հայաստանի պետական շահերին:
Լավ, եթե անգամ պարսկական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը, ինչ կարիք կա այդ մասին անընդհատ հայտարարելու, դեռ մի բան էլ Իրանի դեսպանին ստախոս հանելու, փոխանակ հենց դեսպանի հայտարարություննեից օգտվելու եւ ռուսական կողմին էժանացման հակելու: Թվում է, թե սա Հայաստանի Հանրապետությանը ծառայող պաշտոնյայի համար շատ պարզ պետք է լինի: Բայց արի ու տես` այդպես չէ, եւ այստեղ հարց է առաջանում` ում շահերն է սպասարկում այդ պաշտոնյան:




Լրահոս