1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. “Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն”:
Այնուհետև հունիսի սկզբին հրապարակվեց հաղորդագրություն. “Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը”:
Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրի արդյունքում։ Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղափոխական կոմիտեի ժամանումը Երևան, հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: