Մենք ասել ենք, որ ընդդիմադիր դաշտում ենք գործելու. Աբրահամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուվարի 21-ին շուրջ 4 ժամ տեւած ՀՀԿ ԳՄ նիստի արդյունքում հանրապետականներն այդպես էլ չկարողացան հանգել որոշման նոր կոալիցիա ձեւավորելու եւ դրանում ՀՅԴ-ին ընդգրկելու հարցի շուրջ: Ու թեեւ դաշնակցականների հավանությունը, ըստ էության, արդեն իսկ բարձրաձայնվել էր կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի կողմից, այդուհանդերձ, ՀՀԿ-ականները, փաստորեն, չշտապեցին գրկաբաց ընդունել ՀՅԴ-ին: Պատճառն, ըստ որոշ լուրերի, դաշնակցականների ներկայացրած պահանջներն են:

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ՀՅԴ-ն իշխանական կոալիցիա վերադառնալու դիմաց պահանջում է երկու մարզպետի եւ երկու նախարարի պաշտոններ, ինչն էլ, հավանաբար, շտապ որոշում կայացնելուց հետ պահեց հանրապետականներին: Ի տարբերություն դաշնակցականների՝ ԲՀԿ-ականները կոալիցիա վերադառնալու եւ դրա դիմաց իրենց պահանջների մասին առայժմ ոչինչ չեն ասում:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանի հետ` պարզելու համար, թե ինչու է ԲՀԿ-ն այս հարցում պասիվություն դրսեւորում:

-Պարո՛ն Մանուկյան, ինչպես տեղյակ եք` ներկայումս ակտիվորեն քննարկվում է նոր կոալիցիայի ձեւավորման հարցը եւ ՀՅԴ ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ արված առաջարկը «սկզբունքորեն» իրենց համար ընդունելի է: Սակայն չնայած դրան` ՀՀԿ-ի վերջին ԳՄ նիստում հանրապետականներն այդպես էլ հստակ որոշման չհանգեցին: ԲՀԿ-ին կոալիցիա վերադառնալու առաջարկ արվե՞լ է:

-Մեզ նման բաներ չեն ասվել: Այս պահի, այս ժամի, այս րոպեի դրությամբ մեզ համագործակցության առաջարկություններ չեն արվել:

-Այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի ապագա գործունեությունը, շարունակելո՞ւ եք գործել ընդդիմադիր դաշտում:

-Փետրվարյան նիստերից առաջ մենք, ըստ երեւույթին, կուսակցությունով հանդիպում կունենանք եւ կուսակցության ղեկավար կազմով, քաղխորհրդի անդամներով կորոշեք:

-Այսինքն՝ հնարավոր է, որ կուսակցական հանդիպումների ընթացքում որոշում կայացվի, որ այլեւս ընդդիմադիր դաշտում չեք շարունակելու գործե՞լ:

-Ես նման բաներ ասեցի՞: Նման բաներ չասեցի: Ասեցի՝ կհավաքվենք, որոշում կկայացնենք մեր այս տարվա անելիքների մասին: Մենք ասել ենք, որ ընդդիմադիր դաշտում ենք գործում եւ կորոշենք, թե ինչպես ենք շարունակելու այս տարվա մեր գործունեությունն իրականացնել: Մեզ մոտ ընդհանրապես անհատական որոշումներ չեն կայացվում: Մեզ մոտ միայն կոլեգիալ որոշումներ են կայացվում:

-ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ՀՀԿ-ական Ձեր գործընկերները որեւէ բան ասե՞լ են Ձեզ:

-Ո՛չ, որեւէ բան չեն ասել: Ես տեղյակ չեմ:

-Պարո՛ն Մանուկյան, տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար մի շարք նախապայմաններ է ներկայացրել: Մասնավորապես ՀՅԴ-ականները ցանկանում են 2 նախարարի եւ 2 մարզպետի պաշտոններ ստանձնել: Արդյո՞ք ԲՀԿ-ն եւս ունի նման պահանջներ, եւ արդյո՞ք այդպիսիք ներկայացրել եք ՀՀԿ-ին:

-Եթե դեռ ընդհանրապես առաջարկություններ չկան պահանջների մասին, ինչպես կարող ենք խոսել: Դեռ չկա նման բան, գուշակություններով չտառապենք, էլի:

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ վերջերս ԲՀԿ-ն պասիվություն է ցուցաբերում:

-Այդպիսի բան չկա: Մեր կուսակցությունը եւ կուսակցական ընկերները, տարածքային կառույցները, կենտրոնական գրասենյակը իր բնականոն գործունեությունը շարունակում է, ինչպես անցած տարիներին` 2015 թվականի հունվարին, 2014 թվականի հունվարին, նույն ձեւով շարունակում ենք: Պասիվության մասին ոչ մի խոսք չի կարող լինել, մենք մեր աշխատանքները բնականոն հունով տանում ենք:

-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ԲՀԿ անդամները ե՞րբ են վերջին անգամ հանդիպում ունեցել, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել: Շատերի պնդմամբ` ԲՀԿ-ն ներկայումս ֆինանսավորում է հենց Հովիկ Աբրահամյանը:

-Այս հարցի վերջին ձեւակերպմանը ես բազմիցս անդրադարձել եմ, եւ մեկ անգամ եւս կկրկնեմ, որ նման բան չկա: Լրիվ հերյուրանք է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինքնաֆինանսավորվում է: Կուսակցության ֆինանսավորումը կազմակերպվում է մի քանի պատգամավորների կողմից: Դեռ մենք մտածում ենք գործող 68 տարածքային գրասենյակների թիվը այս տարվա մեջ ավելացնելու, ընդհուպ եռապատկելու մասին: Իսկ թե վերջին անգամ երբ ենք հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ, իմ իմանալով անցած տարի` ուղղակի ընդհանուր հավաք է եղել սեղանի շուրջ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս