ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե Իրանը Ռուսաստանից ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, եւ միայն այդ պատճառով է, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից: Ընդ որում, ինչպես միշտ, Մովսիսյանը խուսափել է կոնկրետ թվային տվյալներ ներկայացնելուց եւ նշելուց, թե որքան է մեկ խմ գազի դիմաց պահանջում իրանական կողմը: Սակայն մշտապես հանրության աչքին թոզ փչելու մեջ մասնագիտացած այս նախարարն այդքանով չի բավարարվել, նա նաեւ հավաստիացրել է, թե իրանական գազամուղը «Հայռուսգազարդ»-ին հանձնելու հարցում հայկական կողմի վրա ռուսների կողմից որեւէ ճնշում չի եղել: Հիշեցնենք, որ նախօրեին այդ ճնշման մասին խոստովանել էր անգամ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Իսկ ահա 2001-ից Հայաստանի էներգետիկ ոլորտը ղեկավարող Արմեն Մովսիսյանը կարծես թե ստանձնել է ռուսական շահերի ներկայացուցչի դերը` ամեն կերպ հակադարձելով ՌԴ հասցեին ուղղված որեւէ քննադատության եւ փորձելով հերքել ակնհայտ փաստերը: Մինչդեռ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ի սկզբանե 1400 մմ տրամաչափով նախատեսված իրանական գազատարի թողունակությունը հենց Կրեմլի պարտադրանքով փոքրացվեց` հասցվելով 710 մմ-ի: Ավելին, անգամ այդ փոքր տրամաչափի գազամուղի կառավարումն էլ հանձնվեց 80 տոկոսով ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող «Հայռուսգազարդ»-ին` այդպիսով վերջնականապես վերահսկողության տակ առնելով Հայաստանի կողմից ռուսական գազային մահակին հակազդելու նվազագույն փորձն անգամ: Ով-ով, բայց Արմեն Մովսիսյանը բոլորից լավ է տեղեկացված, թե ինչու եւ ինչպես 2004թ. Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ պաշտպանել Հայաստանի ազգային շահը եւ մեր երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու եզակի շանսը տանուլ տվեց: Մինչդեռ եթե Ռոբերտ Քոչարյանն ունենար անվիճելի լեգիտիմություն եւ ռուսական հատուկ ծառայություններից տարբեր բնույթի կախվածություններից զերծ լիներ, ապա այսօր Հայաստանը ոչ թե ստիպված կլիներ խնդրել ռուսներին` խղճալ իրենց աղքատ ռազմավարական դաշնակցին եւ գազը շատ չթանկացնել, այլեւ կկարողանար ռուսական գազային շանտաժին հակադրել իրանական գազը, որը, անկախ Արմեն Մովսիսյանի հավաստիացումներից, դժվար թե ավելի թանկ լիներ: Էլ չասած, որ նախատեսված թողունակությամբ գազատարը կառուցելու դեպքում Հայաստանը կարող էր գազ մատակարարել նաեւ Վրաստանին: Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, եւ այսօր Հայաստանի քաղաքացիները ստիպված են վճարել մինչեւ ուղնուծուծը կոռումպացված եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մարսած իշխանություն հանդուրժելու համար: Նաեւ` տասներկու տարի շարունակ առանց կարմրելու ժողովրդին խաբող էներգետիկայի նախարար ունենալու համար:
ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ԳԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ