ՏԵՔՍՏ ԳՐՈՂԻՆ ԱԶԱՏԵԼ
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հարցրել է, թե որտեղից է վերցրել 21 հազ. հա-ով հողատարածությունների ավելացման փաստը եւ 13%-ով՝ անասունների գլխաքանակի ավելացումը: Ի զարմանս ներկաների՝ գյուղնախարարը պատրաստի գրավոր տեքստ է կարդացել` ասելով, որ կարկուտը շահարկվում է քաղաքական նպատակներով: «Արմավիրցին պետության օգնության կարիքն ունի, ոչ թե սրտաճմլիկ ամբիոնային ելույթների ու 1 օրում գյուղատնտես դարձածների»,-ասել է Կարապետյանը: Ի պատասխան՝ Ա. Վարդանյանն առաջարկել է աշխատանքից ազատել գյուղնախարարության այն աշխատակցին, որը գրել է այդ տեքստը: «Ես Ձեզ կոնկրետ երեք հարց եմ ուղղել, փոխանակ դրանց պատասխանելու՝ Դուք այստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք»,-տարակուսել է Վարդանյանը: Մեզ էլ մնում է տարակուսել, թե ինչու է Վարդանյանը վստահ, որ այդ տեքստը գրողը գյուղնախարարության աշխատակից է:
ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները մի շարք երկրների պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԿԾԱՆ ՄԻՇԱՅԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԹՈՌԸ
NEWS.am-ի տեղեկացմամբ` Մարտունու զորամասում պայմանագրային ու ժամկետային զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպն ավարտվել է կրակոցներով, սակայն, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել: Ժամկետային զինծառայողը, որն Արտաշատի քրեական հեղինակություն Կծան Միշայի թոռն է՝ Միշա Խուդավերդյանը, վրդովվել է, որ պայմանագրային ծառայող Կամո Ավագյանը հերթապահության ժամանակ մաքրություն չպահպանելու վերաբերյալ զեկուցագիր է գրել հրամանատարին, եւ որոշել է հաշվեհարդար տեսնել: Նա իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել Կամո Ավագյանի եւ մեկ այլ զինվորի ուղղությամբ: ՊՆ-ից տեղեկացրել են, որ հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Մ. Խուդավերդյանը կալանավորված է: Հիշեցնենք, որ նրա պապի` Կծան Միշայի անունը տարիներ առաջ շրջանառվում էր Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Խոսրովի արգելոցում կազմակերպվելիք մահափորձի առնչությամբ:
ՀՔԾ-Ն ՄԵՐԺԵՑ
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը, որով ՀԱԿ-ը պահանջել էր քրեական գործ հարուցել: ՀՔԾ-ն ուղարկել է գրություն այն մասին, որ «այդ դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը, եւ «հիշատակված չէ որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»: ՀԱԿ-ը ՀՔԾ-ի պատասխանը որակել է ապօրինի` կառույցին մեղադրելով անգործության մեջ: