Բելգիայում քաղաքական ապաստան խնդրած Գրիշա Վիրաբյանը, որը դաժան ծեծի էր ենթարկվել 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը (անգամ նրա ամորձիները վիրահատեցին), որոշել է շարունակել պայքարը՝ աշխարհին ապացուցելու, որ Հայաստանը բռնապետական երկիր է:
-Երկար տարիներ են անցել այն դեպքից, ինչ կատարվել է Ձեզ հետ, բայց Դուք հիմա եք որոշել պայքարել Ձեր նկատմամբ բռնություն իրականացնողների դեմ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս որոշումը:
-Ես միշտ եմ պայքարել: Իմ դեմ կատարվածից հետո ես երկու անգամ դիմել եմ դատախազություն՝ մեղավորներին պատժելու համար: Երկրորդ անգամ դիմեցի հենց 2004-2005թթ.: Բայց Հայաստանի դատական ատյաններում արդարություն չգտնելով՝ ես դիմեցի Եվրադատարան, համբերատար սպասում էի եւ, ի վերջո, հաղթեցի:
-Հիմա ի՞նչ ակնկալիք ունեք, որ կհաղթեք Հայաստանում:
-Ես այս իշխանություններից ակնկալիք չունեմ: Անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարությունից հետո, երբ ասաց, թե ես իբր խաբել եմ Եվրադատարանին, լավ բանի հույս չունեմ: Ես միայն ունեմ վճռականություն՝ մինչեւ վերջ իմ գործն առաջ տանելու եւ ապացուցելու, որ Հայաստանում չկա արդար դատական համակարգ: Հիմա մարդիկ ասում են, թե ես շահարկում եմ Աշոտ Կարապետյանի անունը, որ նա Երեւանի ոստիկանապետ է դարձել: Բայց քրեական գործ կա, ու այդ գործի փաստաթղթերի մեջ ես 2004թ. գրել եմ նրա անունը եւ մանրամասն նկարագրել եմ, թե ոնց է բռնություն գործադրել իմ նկատմամբ: Ստորագրել եմ այդ թղթերի տակ: Այնպես որ, ես իմ գործի մեջ արդար եմ եղել, որպեսզի անմեղի չպատժեն, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները մնան:
-Բայց նույն Աշոտ Կարապետյանն ասաց, որ Ձեր խոսքերն իրականությանը չեն համապատասխանում:
-Աշոտ Կարապետյանը գիտի, որ ցանկացած հանցագործ միանգամից չի ընդունում իր կատարած հանցանքը: Նույնիսկ նրանց նկատմամբ պրոֆիլակտիկ եւ օպերատիվ աշխատանք են կատարում, քննություններ անցկացնում, որ ընդունեն: Ու եթե Ա. Կարապետյանը, որ հիմա բարձրաստիճան պաշտոնյա է, Վ. Գասպարյանի հովանավորությունից է օգտվում, ապա թող պատասխանի իր հովանավորի հետ, թե ինչու Եվրադատարանի վճռից հետո Հայաստանի իշխանությունները չբողոքարկեցին վճիռը: Եվ ավելին, շատ հանգիստ, ժամկետի մեջ փոխանցեցին այն գումարը, որը Եվրադատարանը որպես բարոյական փոխհատուցում որոշել էր հատկացնել ինձ:
-Այսինքն՝ Դուք ստացե՞լ եք այդ գումարը:
-Այո՛, 25 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում, 6 հազար եվրո էլ փաստաբանական ծախսերի համար: Ու եթե չեն բողոքարկել, ուրեմն ընդունում են, որ հանցանք են կատարել:
-Լավ, իսկ ինչո՞ւ եք ՀՀ գլխավոր դատախազին դիմելու որոշում կայացրել, այլ ոչ նույն ոստիկանապետին կամ ԱԱԾ-ին:
-Իմ փաստաբանները դիմելու են ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ ՀՀ արդարադատության խորհրդին, ե՛ւ ոստիկանապետին, ե՛ւ ՀՀ նախագահին: Իսկ առաջինը դատախազին ենք դիմել, որովհետեւ գործի քննության ընթացքում նույն դատախազին ես դիմել էի՝ հայտնելով, որ իմ նկատմամբ բռնություն է կատարվել: Նրանք ինձ պատասխանեցին, որ քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: Գործի քննությունն արդեն ավարտվեց Եվրադատարանով, ոչ թե Հայաստանի ներդատական ատյաններում: Ու հիմա առաջինը պետք է պատասխան տա Աղվան Հովսեփյանը, որովհետեւ դատախազության քննիչն էր գործը վարում: Երկրորդը պետք է պատասխան տան դատավորները, որոնք իմ աչքի առաջ կեղծ քրեական գործ են հարուցել եւ կեղծ դատական նիստեր էին անցկացնում: Եվ հետո նոր պատասխան կտա հանրապետության նախագահը, որն ունի այդպիսի դատախազ եւ դատական համակարգ: Այնպես որ, իմ գործը շատերի կոկորդին է կանգնած:
-Է՞լ ում կոկորդին է կանգնած:
-ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի, որ ասաց, թե ես ստում էի: Նա իրավունք չուներ ասել: Հանրապետության դատախազի, բոլոր դատավորների, օրինակ՝ Մհեր Խաչատրյանի, Սերժիկ Ավետիսյանի, որոնց ներկայությամբ ես հայհոյեցի դատարանին, հետո ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ներկայիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի:
-Իսկ նախկին ոստիկանապետի՝ Հայկ Հարությունյանի կոկորդն ի՞նչ վիճակում է:
-Հ. Հարությունյանն այնքանով, որքանով ոստիկանապետ էր, իշխանություն էր: Ես հիմա չեմ ուզում կենտրոնանալ այն մարդկանց վրա, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում:
Ու եթե ես հիմա չհասնեմ արդարության, կդիմեմ Սահմանադրական դատարան, ՍԴ-ի պատասխանից հետո նորից կդիմեմ Եվրադատարան: Ես խոստացել եմ, որ պետք է բոլորը պատժվեն: Եվ հիմա ոչ ոք չի կարող ինձ ասել, որ ես դա գումարի համար եմ անում, որովհետեւ գումարը ես ստացել եմ, եւ այդ գումարի կեսն էլ ծախսելու եմ այս գործը մինչեւ վերջ տանելու համար: Ես իմ խոստումն եմ կատարում, ես խոստացել եմ պատժել Ստեփան Դեմիրճյանին, որը համաձայնության էր եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ ինձ չպաշտպանեց խորհրդարանական ընտրություններում: Դա կատարված փաստ է: Ամբողջ ընդդիմությունը հետ կանգնեց, բոլորը խոստացել էին ինձ չօգնել, բացի Արամ Սարգսյանից: Հենց նա ինձ տեղյակ պահեց ու ասաց, որ վերջին փամփուշտն էլ լինի, ես քեզ համար կկրակեմ: Պիտի իշխանությունը, ընդդիմությունը՝ բոլորը պատասխան տան:
«ԻՄ ԳՈՐԾԸ ՇԱՏԵՐԻ ԿՈԿՈՐԴԻՆ Է ՄՆԱՑԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ