Երեկ ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Բացի այն, որ նախագիծը չընդունվեց, նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն առիթը բաց չթողեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին վիրավորելու համար:
Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այդ օրինագիծը մեկ տարի է՝ քննարկվում է, եւ արդեն պարզ է իրենց դիրքորոշումը՝ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ իրենց կարծիքով` քվեարկությունը պoeeետք է հետաձգվի, օրինագծի վրա պետք է միասին աշխատեն եւ նոր միայն այն դնեն քվեարկության:
Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմեց ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը` հայտարարելով, թե այսուհետ չպետք է հանդուրժել եւ թույլ տալ, որ որոշ մարդիկ վիրավորեն գործադիր իշխանությանը` այն անվանելով խաբեբա եւ խարդախ:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին իր ելույթում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե ՀՀ գլխավոր դատախազը խարդախ անձնավորություն է, եւ նրա 6 տարվա գործունեությունն անբավարար է: Հովիկ Աբրահամյանը փորձեց միջամտել՝ ասելով, որ չի կարելի մարդկանց վիրավորել: «Թող դիմի դատարան՝ իր իրավունքների պաշտպանության համար, իր փոխարեն մի՛ վիրավորվեք»,-հակադարձեց Զ. Փոստանջյանը: Ելույթից հետո Հ. Աբրահամյանն ասաց, որ ուրիշներին վիրավորելով` մարդիկ իրենց չեն արժեւորում, ու կոռեկտության կոչ արեց պատգամավորներին:
Զ. Փոստանջյանն էլ հայտարարեց, որ կառավարության որոշումները հաճախ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ գլխավոր դատախազը չի միջամտել, չի կանխել այդ որոշումները ու հետագայում էլ չի դադարեցրել այդ որոշումների կատարումը: Նա օրինակ բերեց Բյուրական գյուղում կառուցվող հէկ-ը, որին գյուղացիները դեմ են, սակայն Աղվան Հովսեփյանն այն կառուցում է:
«Շատ ցավալի է, որ անբարոյականները խոսում են բարոյականության եւ ճշմարտության մասին: Եթե կա անբավարարություն, ԱԺ-ն բավարարվելու տեղ չէ: Խնդրում եմ կարգի հրավիրել նրանց»,-երեկ այսպես ոչ կոռեկտ արտահայտվեց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե ինչու վիրավորեց Զ. Փոստանջյանին:
-Ես ինչ-որ անուն տվե՞լ եմ: Ես դատախազի անուն տվե՞լ եմ:
-Իսկ ո՞ւմ նկատի ունեիք` ասելով, որ շատ ցավալի է, որ անբարոյականները խոսում են բարոյականության եւ ճշմարտության մասին:
-Նման ասացվածք կա, որ ամենից սարսափելին այն է, երբ անբարոյականները խոսում են բարոյականության եւ ճշմարտության մասին: Դա ընդհանուր ասացվածք է, ասույթ: Որեւէ վիրավորանք չի եղել: Հետո կխոսենք: Այսքանը:
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԴԱՏԱԽԱԶԻ «ԹԱՍԻԲՆ» Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ