Գագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները՝ հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից:
Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է կենսաթոշակ ստանալու լիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:
Սակայն նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալը: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը՚ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները՚ դրանով խախտելով ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև բազմաթիվ մարդկանց իրավունքները:
Այդուհանդերձ, Նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)՝ պատճառաբանելով, որ իրավական ակտը՚ տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ պետք է նկատել, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից:
Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:
Պաշտպանի աշխատակազմ