ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2012թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումները երեկ մեկնարկեցին բավական միապաղաղ ու ձանձրալի մթնոլորտում: Չնայած, ընդունված կարգի համաձայն, առաջին նիստում հաշվետվությունն ընդհանուր բնութագրերով ներկայացնելու համար խորհրդարանի մշտական հանձնաժողովի նիստին եկել էր անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, դահլիճը գրեթե կիսադատարկ էր:
Ընդ որում, նկատելի էր հենց ՀՀԿ-ական պատգամավորների բացակայությունը, քանի որ իշխանական խմբակցությունից իրենց իսկ կուսակից վարչապետի ելույթին հատուկենտ թվով պատգամավորներ էին նստած: Անգամ այն պատգամավորները, որոնք սովորաբար առիթը բաց չեն թողնում նման միջոցառումներին թեկուզ ձեւականորեն, բայց գոնե ֆիզիկապես ներկա գտնվելու, կադրերում ԱԺ նախագահի ու վարչապետի կողքին երեւալու եւ վերջիններիս սիրաշահելու համար, երեկ պարզապես բացակայում էին: Երեկ ԱԺ-ում չէր նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ օրենսդրական բնագավառում խիստ զբաղվածության, վարչապետին արհամարհելու, թե պարզապես անտարբերության պատճառով էին պատգամավորները բացակայում: Բայց փաստն այն է, որ դահլիճում իշխանական պատգամավորներից մի քանի հոգի էր, այն էլ՝ կա՛մ հիմնականում նրանք, ովքեր համարվում են ՀՀԿ-ում նույն վարչապետի թիմի անդամները, կա՛մ էլ, օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, որոնք ստիպված էին ի պաշտոնե ներկա գտնվել ու լսել Տ. Սարգսյանին: Հանուն արդարության հարկ է նկատել, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները եւս չէին փայլում իրենց ներկայացվածությամբ. ոչ կոալիցիոն խմբակցություններից եւս մեկ-երկու հոգի էր ներկա:
Տիգրան Սարգսյանն էլ ներկայացրեց բյուջեի կատարողականի ցուցանիշները, բնականաբար, միայն ու միայն դրական շեշտադրումներով: Վարչապետն առաջին հերթին շեշտեց իրենց ամենամեծ ձեռքբերման մասին, որ «2012թ. գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը»: Ճիշտ է, հասարակ քաղաքացին իր մաշկի վրա չի զգացել այդ աճը, բայց վարչապետը երեկ համոզում էր՝ աճ եղել է եւ տնտեսության բոլոր ճյուղերում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության եւ սպասարկման ոլորտներում: Ոլորտ առ ոլորտ իրենց գրանցած տնտեսական աճի ցուցանիշները թվարկելուց հետո Տ. Սարգսյանը հայտարարեց, որ 2012թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 93,4 տոկոս կամ 1 տրիլիոն 6 մլրդ դրամ: Ասել է թե՝ պետական բյուջեն կատարվել է պակասորդով: Բնականաբար, Տիգրան Սարգսյանն ուներ դրա բացատրությունը. «Շեղումը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսած միջոցների տնտեսմամբ, ինչպես նաեւ առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաեւ այն մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով»:
Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Տ. Սարգսյանը ելույթի վերջում նաեւ հրապարակեց արտաքին պետական պարտքի ցուցանիշը: Ըստ նրա՝ 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 738 մլն դոլար, դա կազմում է ՀՆԱ-ի 37,7 տոկոսը: Իսկ 2011թ. այդ թիվը եղել է ավելի քիչ՝ 3 մլրդ 568 մլն դոլար: Այսինքն՝ մեկ տարվա մեջ այն ավելացել է 170 մլն դոլարով: Խոստովանենք՝ բավական պատկառելի թիվ է: Սակայն իշխանությունները համառորեն թաքցնում են արտաքին պարտքի իրական չափը. մշտապես ներկայացվում է արտաքին պետական պարտքի չափը, իսկ ահա արտաքին համախառն պարտքը, որի մեջ է մտնում նաեւ մասնավոր սեկտորի, այդ թվում՝ բանկերի պարտքը: Նշենք, որ մասնավոր սեկտորի սննկացման դեպքում արտաքին պարտքը փակելու պարտավորությունն ընկնում է պետության վրա: Ու քանի որ Հայաստանում նման դեպքերը բացառված չեն, պատահական չէ, որ մասնագետները պնդում են, որ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է ոչ թե 3,7 մլրդ դոլար, այլ շատ ավելի շատ. մոտ 7,5 մլրդ դոլար: Միայն թե իշխանությունները համառորեն փորձում են անտեսել այդ թիվն ու այդ մասին շատ չխոսել:
Հ.Գ. Առաջիկա օրերին, երբ պետական բյուջեի կատարողականը քննարկեն ոլորտ առ ոլորտ եւ պատգամավորներն այդ գերատեսչությունների ղեկավարներին նաեւ հարցերով դիմելու հնարավորություն ունենան, մշտական հանձնաժողովների նիստերը խոստանում են բավական թեժ ընթացք, հավանաբար՝ բավական լուրջ բացահայտումներով համեմված: