Երեկ՝ փետրվարի 9-ին, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ընդունեց ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր տիկին Օլգա Նախտմաննովային և Սլովակիայի Ազգային Խորհրդի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մարոշ Կոնդրոտին։
ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց եվրոպահայերի և ողջ հայ ժողովրդի անունից տիկին Նախտմաննովային և Սլովակիայի Ազգային Խորհրդին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված երկու հակահայ բանաձևերին դեմ քվեարկելու համար։
Տիկին Նախտմաննովան պատմեց ադրբեջանական կողմի տարած աշխատանքների մասին, որոնց արդյունքում մինչև վերջին քվեարկությունը Ադրբեջանը հաղթանակներ էր գրանցել։ Նա հատկապես նշեց, որ տարածաշրջանում հիանալի աշխատանք են վարում Ադրբեջանի դեսպանները։ Մասնավորապես՝ արտակարգ ակտիվ են աշխատում Չեխիայում և Սլովակիայում Ադրբեջանի դեսպանը և պատվո հյուպատոսը։ Սակայն այս անգամ, ի պատիվ հայկական կողմի, տիկին Նախտմաննովան նշեց, որ հակահայ բանաձևին իրենք տեղեկացված են եղել ինչպես ԵՀՄՖ-ի կողմից, այնպես էլ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և մասնավորապես՝ պարոն Մհեր Շահգելդյանի կողմից, տեղյակ են եղել մանրամասներին և լիովին հասկացել, որ Ադրբեջանը բացարձակապես ստում է և կեղծում։ Սլովակ պատվիրակությունը դեմ է քվեարկել երկու բանաձևերին էլ՝ հանուն արդարության և ճշմարտության։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը, ԱԳ նախարարությունը իսկապես շոկ էր ապրել՝ Սլովակիայի արտակարգ ակտիվ գործունեության արդյունքից, հատկապես ելնելով այն փաստից, որ սլովակ պատվիրակությունն առաջին անգամ այս մակարդակի վրա հակադրվեց Ադրբեջանին։ Տիկին Նախտմաննովան հայտնեց, որ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցիչները բազմաթիվ ուղիներով փորձել են ճնշել սլովակյան պատվիրակության վրա և անցյալ շաբաթվա ընթացքում բազմաթիվ այցեր են կատարվել Բրատիսլավա։ Արդյունքում սլովակ-ադրբեջանական հարաբերությունները ավելի են վատացել, քանզի Սլովակիան միջազգային ատյաններում պաշտոնական կարծիքներ հայտնելիս միշտ էլ քվեարկում է հանուն արդարության և ճշմարտության։
Կողմերը պայմանավորվեցին զարգացնել ակտիվ համագործակցություն ԵԽԽՎ-ի սլովակյան պատվիրակության և ԵՀՄՖ-ի միջև՝ ապագայում Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություններ կասեցնելու միտումով։ Պարոն Գրիգորյանը նաև իր խորին շնորհակալությունը հայտնեց պարոն Մարոշ Կոնդրոտին՝ Հայաստանի նկատմամբ բացառիկ վերաբերմունքի և հայ դիվանագիտությանը մշտապես սատարելու համար։
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն