Դեռ մինչեւ վերջերս վարչապետի հետ «չանա խփող» ու «Նաիրիտ»-ի հարցով «մեծագույն բացահայտումներ» անող Սպարտակ Մելիքյանն անցել է լռության ռեժիմի ու չի երեւում հանրությանը: Ինչպես ասում են, «մենաստան» է գնացել:
Իսկ «մենաստանն» էլ ԱԺ-ն է, որի նիստերից բավական շատ է բացակայել` 34 անգամ: Բայց բոլորից շատ «կողմ» քվեարկած պատգամավորներից է` 127: Ընդամենը մեկ անգամ է «դեմ» եղել, «ձեռնպահ»՝ երբեք, 13 անգամ էլ, դահլիճում գտնվելով, չի քվեարկել: Դա արդեն կրավորականության վկայությունն է: Պետք է շառից ու փորձանքից հեռու մնալ: Մեկ էլ տեսար` կանչեցին ու հարցրին, թե որտեղից է կուտակել կարողությունը, մանավանդ որ «անբասիր» կենսագրություն ունի:
Սպարտակ Մելիքյանը ծնվել է Ադրբեջանում՝ Դաշքեսանի շրջանում, դպրոցն ավարտելուց հետո ծառայել է սովետական բանակում, յոթ տարի սովորել ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետում, ստացել անասնաբույծի որակավորում, 1997-ին էլ ավարտել է արդեն ակադեմիա դարձած բուհի տնտեսագիտության ֆակուլտետը: Երեւի այստեղ արդեն կարողացել էր լավ կապեր հաստատել: Տնտեսագիտության թեկնածու է: Հայաստան է եկել 1985-ին եւ աշխատանքի անցել «Արզնի» առողջարանում որպես փականագործ: 1992-ին Ռուսաստան է գնացել` «խոպան», ինչպես ասացինք, սովորել է, ապա Ուսսուրիյսկ քաղաքում հիմնադրել «Արարատ» կոոպերատիվը:
1994-1995թթ. եղել է «Սպարտակ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 1995-1996թթ.` «Անտարես» ԲԲԸ գլխավոր տնօրեն, 1996-1998թթ.` «Պրիմորիեի մթերային բարեգործական հիմնադրամ»-ի Ուսսուրիյսկի մասնաճյուղի տնօրեն, 1998-2002թթ.` «Ուսսուրիյսկի ԳՈՒՄ» ԲԲԸ գլխավոր տնօրեն: Ընդ որում, լինելով անասնաբույծ ու երբեք այդ մասնագիտությամբ չաշխատելով, Ս. Մելիքյանը շատ ավելի նվիրվել է տնտեսության այն ոլորտներին, որոնք կարող էին եկամտաբեր լինել: Գուցե Ռուսաստանում անասնաբույծների կարիք չկա՞ր: Բայց ահա 2002-ին վերադառնալով Հայաստան՝ աշխատել է Կոտայքի մարզի «Զորավանի անասնահամալիր» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: 2003-2007թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: Զուգահեռ` ազատ ժամերին որոշել է իրեն նվիրել քաղաքականությանն ու 2004թ. դարձել «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ: Թե ինչ է անում Ս. Մելիքյանի ԺԱԿ-ը, ոչ ոք չգիտի:
Հիմա ԺԱԿ-ի ստվերն էլ չի մնացել, սակայն 2007-ին Ս. Մելիքյանը խորհրդարան եկավ հենց այդ կուսակցության եւ ՀՀԿ համագործակցությամբ` պաշտպանելու մեր աշխատավորների շահերը: Սակայն անմիջապես էլ աշխատավորների շահերը մոռացվեցին, եւ Մելիքյանի գլխավոր մտահոգությունը դարձավ անձնական ունեցվածքի բազմապատկումը: Ըստ պատգամավորի գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ նա Հրազդան քաղաքում ունի, իր բնորոշմամբ, «պանսիոնատ» եւ հողամաս, Արմավիրում բաժնային սեփականության իրավունքով ունի առեւտրի կենտրոն եւ հողամաս, Երեւանում՝ վարչական շենք ու հողամաս, Գեղարքունիքի մարզում՝ տնամերձ հողամաս, Աբովյանում՝ 92 քմ մակերեսով բնակարան, 428,65 քմ մակերեսով ճաշարան, տաղավար, հողամաս, ինչպես նաեւ 1554,45 քմ մակերեսով բնակելի տուն: Ս. Մելիքյանն ապրիլի 1-ի դրությամբ ունի երկու ավտոմեքենա՝ 2007թ. արտադրության «Տոյոտա Լենդ Կռաուզեր 200» եւ 2000թ. արտադրության «Նյու Հոլլանդ 55 Մ» մակնիշի տրակտոր: Ուշագրավն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նա 3 մլն 122 հզ. 500 դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից, մոտ 307 հզ. դրամ՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանից, 1 մլն 620 հզ. դրամ՝ վարձավճարից, իսկ 30 մլն դրամ՝ շարժական գույքի վաճառքից: Այս խիստ «համեստ» եկամուտներ ունեցող մարդն ունի 400 հզ. ԱՄՆ դոլար: Ս. Մելիքյանին են պատկանում «Ավտոմեխանիկական» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 49,7, ինչպես նաեւ «Զեյթուն շուկա» եւ ««Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան» ՍՊԸ-ների բաժնետոմսերի 100 տոկոսը:
Եթե հիշում եք, մոտ երկու տարի առաջ Ս. Մելիքյանը դատարաններին մեղադրեց կոռուպցիայի եւ անարդարության մեջ: Շատերին թվաց, թե այս մարդու մեջ արթնացել է մարդկանց շահերին ծառայելու գիտակցությունը, սակայն այդ պոռթկման հիմքում էլ անձնական շահագրգռվածությունն էր. 2011թ. օգոստոսին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, կիրառելով համաներում, ազատ էր արձակել 3 տարվա ազատազրկման դատապարտված անչափահաս Վահե Հակոբյանին: Նա 2011թ. փետրվարի 24-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի խաչմերուկում ստեղծել էր վթարային իրադրություն եւ բախվելով երկու մեքենայի` կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառել Սեյրան Մելիքյանին, որը նույն օրը մահացել էր: Սեյրան Մելիքյանը Սպարտակ Մելիքյանի հայրն էր: Իսկ Սպարտակ Մելիքյանին կատաղեցրել էր ոչ միայն անչափահասին համաներմամբ ազատ արձակելու` դատարանի որոշումը, այլեւ այն, որ դատարանը մասամբ էր բավարարել իր ներկայացուցչի միջնորդությունը` երիտասարդից հօգուտ իրեն վեց հարյուր միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու մասին: Երեւի ուզում էր իր ունեցած 400 հազար դոլարը 600 հազար դարձնել… Մելիքյանի ներկայացուցիչն այդ գումարի պահանջը պատճառաբանել է այսպես. 50 մլն դրամը որպես հիվանդանոցային ծախսի, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասի, թաղման արարողության, հոգեհացի եւ գերեզմանատան ծախսերի, իսկ 550 մլն դրամը որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ս. Մելիքյանը որոշումը բողոքարկել էր, իսկ այդ ժամանակ գործը գտնվում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այսինքն՝ նման հայտարարություններ անելով ու շանտաժի ենթարկելով դատարանին՝ Ս. Մելիքյանն ուզում էր ստանալ իրեն ցանկալի դատավճիռ…
Մոտ երկու տարի առաջ էլ Մելիքյանը հայտարարել էր, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն է կաշառակեր, քանի որ իրեն պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանի ստուգումների ժամանակ 4000 դոլար կաշառք է պահանջել: Հայտարարությունն այդպես էլ անհետեւանք մնաց, իսկ Մելիքյանը հրաժարվեց այդ հարցով դատարան դիմել… Նշանակում է՝ այս մարդը սիրում է ահաբեկել ու վախեցնել` վատ չզգալով այն մտքից, որ երբեմն իր արածն ընդամենը զրպարտություն է…
ՈՐՏԵ՞Ղ Է ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ