Սերժ Սարգսյանը դատարանների նախագահների է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի նոր հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց`

Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները: Դավիթ Հարությունյանը նշանակվել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդն» օրերս գրել էր այդ մասին: Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությունը 166-րդ հոդվածի հիման վրա դատարանների նախագահները պետք է նշանակվեն կոնկրետ ժամկետով: Մասնավորապես, վճռաբեկ դատարանի և պալատների նախագահները նշանակվելու են վեց տարի ժամկետով, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները` երեք տարի:

Նոր Սահմանադրության համապատասխան նորմերը ուժի մեջ են մտնելու հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից: Այլ կերպ ասած, 2018-ի ապրիլին բոլոր դատարանների նախագահները, ուզեն թե չուզեն, պետք է փոխվեն կամ, լավագույն դեպքում, նոր կարգով վերանշանակվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ապագա նախագահի հնարավոր հավակնորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 36-ամյա Վազգեն Ռշտունին է: Նա առաջիկայում կնշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ըստ լուրերի՝ Ռշտունին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է»:

Լուսանկարը` iravaban. net-ի:




Լրահոս