«ՆՈՒՅՆԻՍԿ ԻՆԺԵՆԵՐԻՆ 100 ԴՈՒԲԼ ՆԿԱՐԵՍ, ՄԵԿԸ ՀԱՋՈՂ ԿՍՏԱՑՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նրանք, ովքեր դիտել են Համազգային թատրոնի ներկայացումները, կհիշեն դերասանուհի Տաթեւ Ղազարյանին, ում ձայնը հնչում է նաեւ շատերիս բնակարաններում. ֆիլմերի եւ մուլտֆիլմերի կրկնօրինակման ժամանակ դերասանուհին մարմնավորում է մեզ ծանոթ ամենատարբեր հերոսների: «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Անտիգոնե», «Շան աղջիկ», «Ախ կանայք, կանայք», «Բլեզ»… Նրա մասնակցությամբ ներկայացումների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: «Ժողովուրդ»-ը դերասանուհու հետ զրուցել է կյանքի ռիթմի ու թատրոնի գործելաոճի համապատասխանության, թատրոնում ռեժիսորի, դրամատուրգի, նոր գաղափարի պակասի եւ այլ թեմաների շուրջ:

-Տաթե՛ւ, մի առիթով նշել եք, որ թատրոնը Ձեզ համար առաջին հերթին դերասանն է: Ըստ Ձեզ՝ դերասանի ֆունկցիան ժամանակի ընթացքում փոփոխվո՞ւմ է, թե՞ այն, ասենք, մեկ դար առաջ էլ էր նույնը, այսօր էլ:
-Էլի այդ կարծիքին եմ, իհարկե, լինում են զուտ ռեժիսորական բեմադրություններ, բայց փորձը ցույց է տվել, որ ռեժիսորական տրյուկներով արած ոչ մի բեմադրություն երկար կյանք չի ունենում, եթե չկա ու չի աշխատում դերասանի միտքն ու հոգին, այլ առկա է միայն կատարողական արվեստ: Գուցե երկնքից կախված մարդիկ հայտնվեն կամ այդ մարդիկ «հող դառնան» բեմի վրա (հատկապես, որ տեխնիկան այսօր տալիս է այդ հնարավորությունները), բայց դրանով զարմանալուց հետո հանդիսատեսը մտածում է. «Սպասի՛ր, բայց ինչի՞ մասին էր ներկայացումը»: Իհարկե, այդ տրյուկներն էլ են հանդիսատեսին գրավելու ձեւեր, բայց կենդանի շփումն է, որ արդարացնում է թատրոնի գոյությունը: Ինչ վերաբերում է դերասանի ֆունկցիային, ապա ասեմ, որ նույնիսկ մեկ տարի առաջ խաղացած ներկայացումն այսօր արդեն խաղում եմ շատ տարբեր կերպով. ժամանակն է թելադրում: Ընդամենը երեք տարի առաջ սովորական էր, որ հանդիսատեսը նայում էր երեք գործողությամբ ներկայացում, այսօր արդեն մարդիկ նույն ներկայացումը դիտելիս ասում են՝ որ մի քիչ կարճ լիներ, լավ կլիներ: Չես մեղադրի. դա ո՛չ ներկայացման որակի մասին է խոսում, ո՛չ դերասանի խաղի: Պարզապես մարդուն պետք է կարճ ժամանակում մաքսիմալ էֆեկտ տալ:
-Հայ թատրոնի պատմության մեջ շատ չեն դերասանուհիները, որոնք կերտել են տղամարդկանց կամ տղաների կերպարներ: Կարող ենք հիշել, օրինակ, Սիրանույշին, Վարդուհի Վարդերեսյանին: Ձեզ եւս, «Փրկության կղզի» ներկայացման մեջ տեսնում ենք տղայի դերում, եւ դա միակ դեպքը չէ: Փաստորեն, հաղթահարե՞լ եք շատ դերասանուհիներին բնորոշ այն բարդույթը, ըստ որի՝ իրենք բեմից անպայման պետք է փայլեն որպես գեղեցկուհիներ: Դուք չեք վախենում երբեմն նաեւ տգեղ երեւալուց (թեեւ տգեղը հարաբերական հասկացություն է):
-Այո՛, կինը սիրում է գեղեցիկ երեւալ, բայց եթե կյանքում կարելի է կամակորություններ անել, ապա բեմում մենք մենք չենք, չէ՞: Ես այդ խնդիրը հաղթահարել եմ վայրկենապես, ինձ համար ամենակարեւորն այն է, որ բեմում լինեմ տարբեր: Եթե դերասանի մի կերպարը կրկնում է մյուսին, դա արդեն իսկ ձախողում է:
-Ըստ Ձեզ՝ թատրոնն այսօր ամենաշատը ինչի՞ կարիք ունի, եթե խոսելու լինենք մասնագիտականի մասին:
-Ռեժիսորի, այսինքն` նոր մտքի, որը կկարողանա իր շուրջը համախմբել, օրինակ, 10 հոգու: Պատկերացրեք` այդ միտքը որքան համոզիչ պետք է լինի: Դրա պակասն ունենք ոչ միայն մեր թատրոնում, այլեւ, առհասարակ, Հայաստանում:
-Իսկ դրամատուրգների պակասի մասին ի՞նչ կասեք: Առհասարակ, նման խնդիր տեսնո՞ւմ եք:
-Միանշանակ, այսօր ժամանակակից դրամատուրգիան բավական կաղում է, ընդ որում` ոչ միայն հայկականը, այլեւ համաշխարհայինը: Օրեցօր սնկի պես աճում են այն կայքերը, որտեղ կարող ես գտնել նոր պիեսներ, սակայն 10 էջ կարդալուց հետո հասկանում ես, որ մեկը մյուսից կարծես արտագրված լինեն: Չնեղացնելով որեւէ մեկին` հարցնում եմ` եթե ունենք լավ դրամատուրգներ, ապա ո՞ւր են նրանք: Եթե լավ գործ ստեղծվի, հնարավոր չի, որ այն անտեսվի:
-Որքանով նկատել ենք, կինոյի կողքով, այսպես ասած, անցել եք, բայց «նրան» դեռ չեք հանդիպել: Կինոաշխարհում լուրջ քայլեր անելու մտադրություն ունե՞ք: Մի քանի տարի առաջ նշել եք, որ պատրաստ չեք դրան, իսկ հիմա՞:
-Չեմ համարում, թե կինոաշխարհում իմ կարիերան սկսվել է, քանի որ դեռեւս երկրորդական դերեր եմ կերտել գեղարվեստական ֆիլմերում: Հիմա մեծ ցանկություն ունեմ լուրջ քայլով մուտք գործել կինոաշխարհ: Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ կինոն չափազանց «տեխնիկական» արվեստ է, նույնիսկ ինժեներին 100 դուբլ նկարես, մեկը հաջող կստացվի: Կինոն առանձնապես մեծ դերասանական դպրոց չեմ համարում, թատրոնում շատ ավելի դժվար է «ցուցադրվել»: Բայց ինձ հետաքրքիր է այդ ասպարեզը. չգիտեմ` կինոն որքանով «կսիրի» ինձ:
-Դուք չեք ցանկանում սերիալներում հանդես գալ, բայց հետաքրքիր է, որ Ձեր մայրիկը` Հայաստանի վաստակավոր արտիստ Արեւիկ Սանթրոսյանը, բազմիցս նկարահանվել է սերիալներում…
-Ես հիմա էլ կողմնակից չեմ սերիալներին, մի փոքր հատված նկարահանվել եմ սերիալում եւ հասկացել եմ, որ դա իմը չէ: Ես չեմ փնովում սերիալ հասկացությունը, դրա իրավունքը չունեմ, պարզապես ասում եմ, որ այն տալիս է ճանաչում, փառք, եւ միայն այդքանը: Ընդհանրապես, հեռուստատեսությունը դերասանին հիմնականում, այսպես ասած, վիզուալ ճանաչում է բերում: Առաջին կուրսում ես հայտնվեցի հեռուստատեսությունում, վարում էի մանկական հաղորդում, ունեի մեծ հաջողություն, հաղորդումն էլ ուներ բարձր վարկանիշ: Դրա ավարտից ընդամենը մեկ ամիս անց այդ հաջողությունը մարեց, իսկ թատրոնում 9 տարի առաջ խաղացածդ դերը մարդիկ հիշում են, ասում են, որ երբեք չեն մոռանա այսինչ կամ այնինչ տեսարանը…
-Թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում ներգրավված եք: Բեմը չի՞ խլում անձնական կյանքի բաժին ժամանակը: Ի՞նչ եք կարծում՝ հետագայում դժվար չի լինի ընտանիք պահելն ու միաժամանակ բեմում լինելը:
-Ես համոզված եմ, որ հնարավոր է դրանք համատեղել: Այդ տեսանկյունից ուշ ընտանիք կազմելը ճիշտ է, որպեսզի ավելի ամուր կանգնես հողին:
-Արվեստագետ կողակից ունենալուց, կարծես, խուսափում եք:
-Այո՛, չեմ ասում, թե արվեստագետ տղամարդիկ վատն են, ամենեւին. ես ունեմ հրաշալի արվեստագետ ընկերներ, որոնք օրինակելի ընտանիքներ են կազմել: Պարզապես ես չափազանց էմոցիոնալ եմ, ստեղծագործ ոգի ունեմ, եթե ինձ նման մեկը կողքիս լինի, սառը ուղեղով ընտանիք կազմելը դժվար կլինի:
-Գիտենք, որ ճակատագրապաշտ եք, անձնական կյանքը դասավորելու բարդ խնդիրն է՞լ եք թողել ճակատագրին, այդպես երբեմն հեշտ է լինում ապրելը…
-Ես հավատում եմ ճակատագրին, այսպես ասած` ում ինչ, երբ տրված է, այն էլ կլինի…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ՎԵՐՋԱՊԵՍ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՄԵՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ»
Արդեն վերսկսվել են «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքները, նոր սերիաները շուտով կլինեն եթերում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սիթքոմի դերասանուհիներից մեկը` Զառա Սահակյանը. «Նոր, հետաքրքիր կերպարներ են «ներմուծվել» սերիալ, մեզ միացել է Անդրանիկ Հարությունյանը, ով կմարմնավորի Անի Պետրոսյանի կերտած կերպարի (սիթքոմում` իմ տագրոջս կնոջ) ամուսնուն, իսկ Սեպուհ Ապիկյանն էլ ավելի ուշ կխաղա իմ ամուսնու դերը: Այնպես որ, նոր եթերաշրջանում մենք վերջապես կհանդիպենք մեր ամուսիններին: Դերասանական կազմին կմիանա նաեւ Իվետա Եդիգարյանը»:
Զառա Սահակյանը մեզ պատմեց նաեւ, որ նախատեսում է առաջիկայում հանդես գալ նոր կոմերցիոն ներկայացմամբ, որտեղ անդրադարձ կկատարվի կնոջը` իր հիմնական խնդիրներով: «Ես եւ ամուսինս (պրոդյուսեր Դավիթ Հարությունյան) մտածում ենք սցենարային գծերի մասին` աշխատելով պրոֆեսիոնալ սցենարիստների հետ: Ես հանդես եմ գալու տարբեր կանանց կերպարներում: Մասնագետներն ինձ միշտ ասում են` բազում խարակտերային կանանց կերպարներ ես մարմնավորում, ինչո՞ւ դրանք միասին չես ներկայացնում: Ճիշտն ասած` նման նախագծի վերաբերյալ սկզբում մտավախություն ունեի, դա պատասխանատու գործ է, բայց հետո գտանք այն մատուցելու ճիշտ լուծումը»:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ տարբեր կանանց թվում Զառան ներկայացնի հենց ինքն իրեն կամ իր խառնվածքին բնորոշ գծեր, դերասանուհին պատասխանեց. «Այդ կերպարները ստեղծվել են կենցաղային կյանքի տարբեր դիտարկումների արդյունքում: Կարող է՝ մի կնոջ տեսած լինեմ խանութում, եւ նրա կերպարը մնացած լինի ենթագիտակցությանս մեջ, որոշեմ անդրադառնալ նրան: Իսկ, առհասարակ, ինձ համար առաջնայինը գաղափարն է, հետո նոր կերպարը. գաղափարը լինի, կերպարն ինքնըստինքյան կստանամ»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Զառան իր կապը պահում է նախկին «Վիտամին ակումբի» տղաների հետ, որոնց հետ ժամանակին ներկայանում էր մեկ բեմում. ««Վիտամին»-ը՝ որպես փրոդաքշըն, այժմ գործում է, եւ երբ նոր գաղափարներ, ծրագրեր են լինում, ինձ անպայման հրավիրում են: Տղաները բոլորն իմ ընկերներն են, որոնց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ»,-եզրափակեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

12 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՇԱՂ ՏՎԵԼ
Հայտնի ռեփ երգիչ Լիլ Ուեյնը օրերս այցելել է Ace of Diamonds հանրահայտ գիշերային ակումբ: Այնտեղ մի քանի երգեր կատարելու դիմաց նրան 60 հազար դոլար են վճարել, հայտնում է TMZ-ը: Սակայն Լիլը շտապել է շռայլել գումարը: Ռեփ երգիչը սկզբում ժամանակ է անցկացրել NoForeign անունով պարուհու հետ, ապա, երբ աղջիկը բեմ է դուրս եկել, Լիլը նրա եւ ընկերուհու վրա կանաչ թղթադրամներ է շաղ տվել: Ելույթի վերջում բեմի վրա 12 հազար դոլար է մնացել:

 

«ԲԱԶՄԱԼԵԶՈՒ» ԴՈՆ ԿԻԽՈՏ
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը հրատարակելու Է Միգել դե Սերվանտեսի (1547¬1616) «Հնարամիտ իդալգո Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպի բազմալեզու տարբերակը: Այս իրադարձությունը նվիրված է իսպանացի ամենահայտնի գրողներից մեկի մահվան 400¬րդ տարելիցին, տեղեկացնում է «Արմենպրես»¬ը: Ինչպես պատմել են թագավորության խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ վեպը պլանավորվում է վերահրատարակել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր: «Պատմության մեջ առաջին անգամ «Դոն Կիխոտի» տպագիր տարբերակի յուրաքանչյուր գլուխ եւ առաջաբան թարգմանվելու են տարբեր լեզուներով»,¬հայտնել է համալսարանի ներկայացուցիչը: Կոմպլուտենսեում այս գաղափարը բնութագրել են որպես Սերվանտեսի տարվա «ամենանորարարական նախագծերից մեկը», որն Իսպանիայում նշվում է այս ամբողջ տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ վեպի յուրաքանչյուր հաջորդ գլուխ եւ առաջաբան գրվելու է տարբեր լեզվով, որոնց ընդհանուր թվաքանակը կկազմի 150: Թարգմանությամբ զբաղվելու են Կոմպլուտենսեի համալսարանի պրոֆեսորները եւ շրջանավարտները:

 

ԸՆԴԴԵՄ ԸՆՏԱՆԻՔԻ
Արեւմտյան մամուլն արդեն գրել է, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, Puma ընկերության հետ պայմանագիր է ստորագրել: Մի քանի միլիոն դոլարանոց գործարքի արդյունքում Քայլին պետք է դառնա ապրանքանիշի նոր դեմքը: Այս փաստը խիստ զայրացրել է Քիմ Քարդաշյանի ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին, որը Twiiter-ի իր էջում գրել է. «1000 տոկոսով եմ ասում, որ Kylie Puma անունով երբեք ոչինչ չի թողարկվի: Դա իմ ընտանիքի մենաշնորհն է: Քայլին 1000 տոկոսով Yeezy-ի թիմից է»: Այնինչ՝ Քայլին, կարծես, դեմ գնալով ընտանիքին՝ մտադիր է հրաժարվել Ուեսթի արտադրանքից՝ համագործակցելով Puma-ի հետ: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ հենց նա է ներկայացնելու իրենց ապրանքանիշը: «Նա պարտավոր չէ անընդհատ մեր կոշիկն ու մեր հագուստը հագնել, նա պարզապես պետք է պարբերաբար ներկայացնի մեր որոշ արտադրատեսակներ»,- տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը:




Լրահոս