ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-Ի ԾԱԽՍԵՐԸ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված ԱԱԾ-ի կողմից 7 մլն 680 հազար դրամ առնետների դեմ պայքարի, 8 միլիոն դրամ էլ աղբահանության աշխատանքների համար հատկացված գումարների մասին լուրի առնչությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Ժողովրդի մոտ թյուր կարծիք է ստեղծվում, որ ԱԱԾ-ն միայն Նալբանդյան 104-ն է: Հարկ եմ համարում պարզաբանել, որ նշված գումարները  նախատեսված են մեկ տարվա կտրվածքով՝ Երեւան քաղաքում, մարզերում եւ սահմանապահ զորքերում տեղակայված ԱԱԾ ենթակայության ստորաբաժանումների դեռատիզացիայի եւ աղբահանության ծառայության համար: Մասնավորապես, աղբահանության ծառայությունն իրականացվում է Երեւան քաղաքի եւ մարզային ԱԱԾ 11, իսկ դեռատիզացիայի աշխատանքները՝ ԱԱԾ 12 ստորաբաժանումներում՝  ներառյալ սահմանապահ զորքերը եւ ուղեկալները»:

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հայցվորներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պնդել են իրենց բողոքը նախկին զինդատախազ, ներկայումս ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դեմ: Դատավորի` հայցը հաշտությամբ լուծելու առաջարկին հայցվորները բացասական պատասխան են տվել: Նրանք նշել են, որ իրենք վիրավորվել են Ջհանգիրյանի` «դրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» խոսքերից: Արայիկ Զալյանը նշել է, որ պահանջում են իրենց վիրավորելու համար Ջհանգիրյանից  բռնագանձել 300.000 դրամ, զրպարտության համար՝ եւս 300.000 դրամ, բացի այդ` ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ
Հայաստանի հանրային խորհրդի ավիացիայի ենթակոմիտեի անդամ Լեւոն Ղազարյանը ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանում բարձր գների պատճառները: Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե բազմաթիվ հայեր ձգտում են մեկնել Թբիլիսիից` ելնելով էժան լինելու նկատառումներից, նա ասել է. «Բայց այնտեղ այդպիսի օդանավակայան կա՞: Օդանավակայանի լավ շենքը ծախսեր է պահանջում: Դրա արդյունքում էլ գները բարձրանում են»: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանում ավիավառելիքը շատ թանկ է. «Դա կապված չէ ո՛չ օդանավակայանի, ո՛չ էլ Բաղդասարովի հետ. դա շրջափակման արդյունք է»:




Լրահոս