ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեք օր առաջ՝ երեկոյան, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները ԱԺ նախագահի մոտ ախտորոշել են արյան շրջանառության անցողիկ խանգարում: Երեկվա դրությամբ նա շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ եւ դեղորայքային բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում:
Հայաստանի գործող Սահմանադրությամբ եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ նախագահի պաշտոնանկության այլ ճանապարհ, քան նրա հրաժարականն է, նախատեսված չէ: Ստեղծված իրավիճակում հարց է ծագում՝ արդյոք հնարավոր է, որ առողջական խնդիրներով պայմանավորված Գալուստ Սահակյանը հրաժարական ներկայացնի, քանի որ նույնիսկ այս բժշկական միջամտությունից ու ապաքինվելուց հետո, հնարավոր է, նույն առողջական վիճակով պայմանավորված չկարողանա շարունակել պաշտոնավարել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից: Սակայն նա, ըստ էության հարցին պատասխանելու փոխարեն մեզ փոխանցեց. «Դուք, հավանաբար, այդպես էլ չիմացաք, որ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Ճնշումն էր բարձրացել, արյան շրջանառության անցողիկ խանգարում է նկատվել, դրանք անցողիկ հիվանդություններ են»: Մեր այն պնդմանը, որ հարցին կոնկրետ եւ ըստ էության պատասխան ենք ակնկալում. Գալուստ Սահակյանն առաջիկայում հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Բաբայանն ասաց, թե արդեն պատասխանել է:
«Ժողովուրդ» օրաթերթը Գալուստ Սահակյանին մաղթում է շուտափույթ ապաքինում, բայց միեւնույն ժամանակ նաեւ արձանագրում, որ պետության կարեւորագույն, այսպես ասած, 2-րդ պաշտոնը զբաղեցնող 68-ամյա մարդու ուսերին ի պաշտոնե հսկայական ծանրաբեռնվածություն է դրված, եւ կարծում ենք, որ մունաթ գալու փոխարեն ճիշտ կլիներ, որ ԱԺ լրատվականը հստակ պատասխաներ՝ Սահակյանի հրաժարականը հնարավո՞ր է, թե՞ ոչ:

 

 
Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն եւ 3 մլն դրամ դրամական միջոց: Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան եւ առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես նաեւ «RANGE ROVER Super charged» մակնիշի ավտոմեքենա: Այսպիսով, մեկուկես տարում Տիգրան Սարգսյանի ունեցվածքը զգալի աճել է: ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիս նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարային գումարը եղել է 955 հազար, իսկ դրամով «խնայողությունը» 2 մլն 500 հազար դրամ, իսկ ավտոմեքենա չի ունեցել: Հիշեցնենք, որ 2008-ին, երբ Տիգրան Սարգսյանը նոր զբաղեցրել էր ՀՀ վարչապետի պաշտոնը, հայտարարագրել էր 17 մլն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Թվերի համեմատությունն առավել քան խոսուն է:

 

 
Երեկ Սերժ Սարգսյանը հասցրել է «ստորագրել» հենց երեկ ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Սովորաբար օրենքների քվեարկությունից մի քանի օր հետո է նախագահը ստորագրում այն: Բայց երեկ այդ օրենքի քննարկումը ԱԺ-ում ավարտվեց 15.30-ին, դրանից մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը այն ստորագրել է արդեն: Կարելի է կարծել, որ հենց փաստաթուղթը ընդունվել է կոճակային մեծամասնության կողմից, ԱԺ սուրհանդակներն այն վազելով տարել, դրել են Սերժ Սարգսյանի սեղանին: Նկատենք, որ ԱԺ-ն եւ նախագահականն այս «սուպերմենությամբ» փորձում են այնպես անել, որ վաղվանից արդեն հնարավոր լինի դաշնակցականներին պաշտոններ բաժանել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ օրենքի փոփոխությունն այսօր հրապարակվի «Պաշտոնական տեղեկագրում», որից հետո այն հաջորդ օրվանից ուժի մեջ կմտնի: Մնում է միայն պարզել, Սերժ Սարգսյանը մինչեւ երկուշաբթի կհամբերի՞, թե՞ հենց կիրակի օրն էլ Դաշնակցության պաշտոնները կբաժանի:

 

 
«Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին Նոր Հաճընի իր առաձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել: Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին: Տեղեկացնենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում՝ 2005-ից 2014 թվականները, ֆինանսների չորս նախարար է փոխվել: Սակայն հայտնի է, որ նշված ընկերությունը մյուս շինարարական կազմակերպությունների պես ծանր ֆինանսական կացությունում է հայտնվել 2008-ի աշնանը սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո: Իսկ 2008-ի աշնանից մինչեւ 2014-ի գարունը ֆինանսների նախարարությունը ունեցել է երեք նախարար՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան եւ Դավիթ Սարգսյան: Թե նրանցից ով է ԱԱԾ կանչվել դեռեւս վկայի կարգավիճակով, ժամանակը ցույց կտա:

 

 
ԹՂԹԻ ՎՐԱ

Կառավարությունում երեկ քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015թ. ընթացքում կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը: Ծանոթանալով հրապարակված այդ հաշվետվությանը` կարելի է մտածել, թե անցած տարին ՀՀ-ի համար եղել է բացառապես դիվանագիտական հաղթանակների եւ ձեռքբերումների տարի: Եւ որպես այդպիսին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախ հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, տարբեր մջազգային կառույցներում ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւերն ու օրինագծերը, ինչպես նաեւ ապրիլի 12-ին Հռոմի Պապի մատուցած պատարագն ու ուղերձը:
Թե հատկապես վերջինի հետ ինչ կապ ունի ՀՀ արտգործնախարարությունը, արդյոք Հռոմի Պապի հայտարարությունը մեր դիվանագետների թե Մայր Աթոռ Ս. Էջմիածնի աշխատանքի արդյունքն է, հասկանալի չէ: Համենայնդեպս, հետաքրքիր կլիներ ստանալ այս հարցի հստակ պատասխանը` նկատի առնելով այն հանգամանքը, որ օրերս Վատիկանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով ոչ միայն 1915 թ. իրադարձությունները որակվեցին ընդամենը որպես «ցավալի դեպքեր», այլեւ որպես «անցյալի ցավ», դրան զուգադրվեց նաեւ Վատիկանում թուրք դեսպանի սպանությունը հայ ահաբեկիչների կողմից:
Ինչ վերաբերում է առհասարակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված տարբեր բանաձեւերն ու հայտարարությունները որպես ՀՀ դիվանագիտական կորպուսի հաջող աշխատանքի արդյունք ներկայացնելուն, ապա ավելորդ չէ նկատել, որ այդ հաջողության (եթե, իհարկե, չափազանցություն չէ դա հաջողություն անվանելը) գերակշիռ մասի համար մենք պարտական ենք ոչ թե ՀՀ ԱԳՆ-ին, այլ հայկական սփյուռքին:
Ինչեւէ. որպես նախորդ տարվա կարեւոր իրադարձություններ հաջորդիվ հիշատակված են. «2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից եւ նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար»: Ցավոք, հաշվետվության մեջ այդպես էլ նշված չէ, թե մեր «ռազմավարական շահերից բխող» այդ քայլն ինչպիսի արդյունքներ է տվել անցած մեկ տարվա ընթացքում, եւ թե դրա արդյունքում Հայաստանի արտահանումն ու ներմուծումը ինչպիսի կատաստրոֆիկ անկում է արձանագրել: Փոխարենը Բրյուսելի հետ բանակցությունների վերսկսումը որակված է որպես «ԵՄ հետ բանակցությունների զարգացմանը նոր թափ հաղորդող»: Հաշվետվությունում հիշատակված է նաեւ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ստանձնումը, թեեւ, հիշեցնենք, դրանից ՀՀ ոչինչ չի շահում, անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ի հակառակ կանոնադրության, Հայաստանին չվստահվեց:
Նկատելի չէ նաեւ անցած տարվա ընթացքում ստորագրված 89 միջազգային պայմանագրերից ՀՀ-ի ստացած օգուտը. դրանցից, օրինակ, Չինաստանի հետ անցած մարտին ստորագրված խոստումնալից պայմանագրերը, ցավոք, առայժմ թղթի վրա են:




Լրահոս