Ինչպես եւ կանխավ տեղեկացրել Էինք` Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որին երեկ ստորագրված մեկ այլ հրամանագրով փոխարինեց ՎՊ նախագահի նախկին տեղակալ Լեւոն Յոլյանը:
Այդպիսով, ըստ էության, ավարտին հասցվեց կառավարությունը քոչարյանական կադրերից ձերբազատելու գործընթացը: Հիշեցնենք, որ երբ Ռոբերտ Քոչարյանի հետ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ հեռակա բանավեճ սկսած Տիգրան Սարգսյանը 2014թ. ապրիլին պաշտոնանկ արվեց, եւ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ում նշանակումը ողջունվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացնելով նոր վարչապետին` հայտարարել էր, թե նրան տալիս է բացարձակ քարտ բլանշ` կադրերի ընտրության հարցում: Եվ երբ դրանից հետո նախարարական պորտֆելները մեկը մուսի հետեւից տրվեցին քոչարյանական տարիների պաշտոնյաներին, շատերը տարակուսեցին, թե ինչ է կատարվում:
Կարեն Ճշմարիտյան, Հովհաննես Մանուկյան, Նարեկ Սարգսյան եւ, իհարկե, Երվանդ Զախարյան: Այս նշանակումների հետ կապված, սակայն, «Ժողովուրդը» դեռեւս 2014 թ. ապրիլի 30-ին գրել էր. «Եթե Քոչարյանի երկնիշ տնտեսական աճի հեղինակ նախարարները կարողանան լուծել իրենց առջեւ դրված խնդիրը, եւ նույն Քոչարյանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ կրկնել երբեմնի հաջողությունը, լավ, դրանից հաստատ Սերժ Սարգսյանի հեղինակությունը չի տուժի: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վագրագետները» ձախողվեն, եւ չկարողանան ցանկալի տնտեսական աճ արձանագրել, այդ ժամանակ Ս. Սարգսյանը կկարողանա Ռ. Քոչարյանին եւ նրա տնտեսական քաղաքականության գովքն անողներին հակադարձել` ասելով` սա էլ ձեր թիմն էր, թե կարող էին, թող անեին:
Երկու դեպքում էլ Ս. Սարգսյանը խաղից շահած դուրս կգա, եւ, որ ամենակարեւորն է, երկու դեպքում էլ նա Ռ. Քոչարյանին կզրկի իր հենարանից. եթե քոչարյանական նախարարները լավ աշխատեն, «իրենով կանի» եւ կկիսի նրանց հաջողության դափնիները, իսկ եթե ոչ, պաշտոնանկ կանի որպես «ոչ պիտանի ձախողակների»:
Ինչպես տեսնում ենք՝ իրականացավ երկրորդ տարբերակը. Կարեն Ճշմարիտյանը, Հովհաննես Մանուկյանը եւ Երվանդ Զախարյանը, երկու տարի չանցած, պաշտոնանկ արվեցին: (Այս ցուցակում բացառություն է Նարեկ Սարգսյանը, որին, սակայն, այսօր ավելի շատ Ս. Սարգսյանի, քան Քոչարյանի կադր կարելի է համարել): Եվ հիմա` նոր Սահմանադրութան ընդունումից հետո, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը փակած եւ իր դիրքերը երկար ժամանակով անսասան դարձրած Սերժ Սարգսյանն այլեւս հանգիստ կարող է ձեռնամուխ լինել իր ընտանիքին մտերիմ երիտասարդ կադրերով նոր թիմի ձեւավորմանը: