«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ը ԽՈՉԸՆԴՈՏՈ՞ՒՄ Է ԱՅԼ ԲԱՆԿԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին պետական գերատեսչությունների շրջանառությունը սկսել է իրականացնել «Հայբիզնեսբանկը»: Տարածված լուրերի համաձայն՝ պետական մարմիններին «հրահանգվել է» բոլոր տեսակի գործարքները իրականացնել հիմնականում «Հայբիզնեսբանկ»-ի միջոցով: Կարծիքներ կան, որ այդպիսով փորձ է արվում թուլացնել Հայաստանում գործող մյուս բանկերի դիրքերը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տարեսկզբից պետական մարմինների ղեկավարները «հրահանգ» են ստացել աշխատավարձերի վճարումը կատարել բացառապես «Հայբիզնեսբանկ»-ով: Հրահանգ ստացողների թվում են նաեւ Երեւանի մի շարք դպրոցներ եւ մանկապարտեզներ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը, ում անունը հարգելի պատճառներով չենք նշում, նկատեց, որ ինքը նախկինում իր աշխատավարձը ստացել է «Հայէկոնոմբանկ»-ի միջոցով, սակայն արդեն մեկ ամիս է, ինչ այն ստանում է «Հայբիզնեսբանկ»-ով: Վերջինս նշեց, որ իր բնակավայրում «Հայբիզնեսբանկի» բանկոմատ չկա, եւ աշխատավարձ ստանալիս նա խնդրի առաջ է կանգնում:
Բացի այս՝ մանկապարտեզներում պարի, երգի խմբակների համար սովորաբար սաների ծնողները վարձեր են վճարում: Այս գործընթացը նույնպես որոշ մանկապարտեզներում իրականացվում է բացառապես վերոնշյալ բանկի միջոցով: Սակայն թաղամասեր կան, որտեղ այս բանկի մասնաճյուղ չկա: Արդյունքում փաստի առաջ են կանգնում նաեւ սաների ծնողները, ովքեր այլ բանկի միջոցով են այդ վճարումները կատարում: Իսկ այլ բանկից մեկ այլ բանկ գումար փոխանցելու համար քաղաքացին պետք է լրացուցիչ գումար վճարի:
Երեւանում կան դպրոցներ, որոնց ուսուցիչները մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատավարձերը ստանում են «Հայբիզնեսբանկ»-ի միջոցով: Համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ նույն ճակատագրին են արժանանալու նաեւ պետական այլ կառույցներ: Օրինակ՝ ՀՀ մի շարք մարզպետարաններ արդեն վերոնշյալ բանկի միջոցով են ե՛ւ գործարքներ իրականացնում, ե՛ւ աշխատավարձերը ստանում: Իսկ մարզպետներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ բանկի կողմից սահմանված դրույքաչափերը հարմար են:
«Հայբիզնեսբանկ»-ի այս ակտիվացումը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի` պայմանավորված է նաեւ այլ հանգամանքներով: Մասնավորապես բանկի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցի անունը կապվում է Սերժ Սարգսյանի հետ: Բանն այն է, որ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերն է: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006-ին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով, ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը՝ այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած՝ Վիտալի Գրիգորյանցը այն եզակի անձանցից մեկն է, որն անձամբ զգալի ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հարցում:
Նշենք, որ Գրիգորյանցին էր պատկանում նաեւ ուկրաինական «Ուկրպրոմբանկը», որը սնանկացավ: Մինչեւ 2009 թվականը բանկն ուներ մեկ մլրդ պետական աջակցության կարիք` կործանումից խուսափելու համար: Եւ Ուկրաինայի կառավարության կողմից բանկը լուծարվեց, իսկ ակտիվներն ու պարտավորությունները վաճառվեցին ֆինանսական այլ հաստատության: Ապա Գրիգորյանցը կորցրեց նաեւ «Ալֆա-Նաֆտան»:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը «Հայբիզնեսբանկ»-ից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ պետական գերատեսչությունները մեկը մյուսի հետեւից իրենց շրջանառությունները, մասնավորապես աշխատավարձերի վճարումները կատարում են հենց իրենց միջոցով: Հարցին ի պատասխան՝ բանկից փոխանցեցին հետեւյալը. «Մենք չենք կարող նշել, թե մեր հաճախորդները ովքեր են կառուցվածքի առումով եւ ինչ մասնաբաժին են կազմում: Ճիշտ կլիներ իրենցից ճշտել, թե ինչու են մեզ հետ աշխատում: Գուցե վստահում են «Հայբիզնեսբանկ»-ին, կամ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում: Չենք կարող ասել, թե ինչու է այդպես, դա նորմալ գործընթաց է»:
Հ.Գ. Ի դեպ, ժամանակին ակտիվ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարքն իրականացվել էր նրա եղբոր՝ Հակոբի միջոցով:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
«Գազպրոմ»-ը կտրուկ նվազեցրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում կտրուկ սրացման ֆոնին. նոր փոխադարձ պահանջեր են հայտնվել: «Գազպրոմ»-ի եւ ռուսական գազ սպառող թուրքական մասնավոր ընկերությունների միջեւ գնային կոֆլիկտը հանգեցրեց նրան, որ ռուսական ընկերությունը սկսեց սահմանափակել մատակարարման ծավալները: «Գազպրոմ»-ը կարող է խոցելի համարել գործընկերների դիրքը. Թուրքիայում մասնավոր ներմուծողները չեն կարողանա ռուսական գազին փոխարինող գտնել: «Հավանաբար, Թուրքիան պետք է զիջումների գնա, քանի որ ընկերությունը կարող է թուլացնել վերջինիս դիրքերը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Մերձբալթիկայի շուկաներում»,-գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

 

 

ԲԱՆԱՁԵՎԸ ՀԵՏ ԿՎԵՐՑՆԻ
Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ին քննարկել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հարցը, որը ներկայացվել էր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից: Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն՝ բանաձեւի վերաբերյալ քվեարկություն չի կայացել. որոշվել է հարցը լրացուցիչ քննարկել եւ քվեարկել մինչեւ ապրիլի 24-ը: «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համաձայնել է հետ կանչել ներկայացված բանաձեւը: Իշխող քրիստոնեա֊դեմոկրատական միություն/քրիստոնեա֊սոցիալական միություն կոալիցիայի պատգամավոր Շտեֆան Կաուֆմանն այս կապակցությամբ Թվիթերի իր էջում նշել է, որ «Կանաչների կուսակցությունը» համաձայնել է հետ վերցնել բանաձեւը լրացուցիչ մշակման համար:
«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը եւ դրա համանախագահը նախկինում բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային ընդունել պատմական իրողությունն ու առերեսվել կատարվածին:
Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրույթ, այլ նշվել է «հայերի կոտորածներ»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23֊ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:




Լրահոս