Օրերս Արմավիրի մարզում գանձագողության հերթական դեպքն է գրանցվել: «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք: Փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: Գանձագողություն կատարած անձինք ստորագրությամբ բաց են թողնվել: Սակայն մինչ այդ նրանք իրավապահներին են ներկայացրել հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները:
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսսա Կարապետյանը դեպքի մասին իրազեկվելուց հետո պատմական միջավայրի պահպանության Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանի հետ մեկնել է հուշարձանի տարածք եւ զրուցել իրավապահների հետ: Պարզվել է, որ գանձագողերը քանդել են ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանի արեւմտյան ամրոցի վերեւի շերտը: Նրանք յուրացրել են միջնադարյան /12-13 դդ./ ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտորտանքներ, ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութերի խումբ. ձիասահքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ եւ այլն: Ոստիկաններին ներկայացված գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակտներ են: Վնասի չափը կպարզվի նախաքննության ընթացքում: Չի բացառվում, որ գանձագողերը այլ արժեքներ եւս հետ վերադարձնեն:
Նշենք, որ Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը /կառուցված մ.թ.ա. 776 թ./ հանրապետական նշանակության հուշարձան է եւ ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:
Ի. Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է կատարեն մշակույթի նախարարությունն ու համապատասխան ծառայությունները` գանձագողության դեպքերից հնարավորինս խուսափելու եւ հուշարձանների պահպանությունը ուժեղացնելու համար, նշեց. «Պետությունը չի կարողանում իրականացնել այդ պահպանությունը, քանի որ չունի համապատասխան հնարավորություններ: Նույն Արմավիրի մարզում հուշարձանների համար նշանակված են սահմանափակ թվով պահակներ: Նրանցից մեկն, օրինակ, ապրում է կենտրոնում. այդ մարդը իրեն վստահված հուշարձանները օրը մի քանի անգամ հսկելու հնարավորություն ունի՞: Այնինչ՝ ժողովուրդը պետք է տեսնի, որ տվյալ հուշարձանի մոտ հսկիչ կա: Այսինքն` պահակներ պահելու համար ֆինանսական միջոցներ են պետք, որը պետությունը չի տրամադրում: Այսքան սահմանադրական փոփոխություններ եղան, ծրագրեր գրվեցին, ոչ մի տեղ խոսք չեղավ, թե նյութական եւ հոգեւոր ժառանգության պահպանության համար ինչ ծրագրեր են նախատեսված»:
Տիկին Կարապետյանի խոսքով` հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները, հավանաբար, կհանձնվեն մեր թանգարաններից որեւէ մեկին. «Շատ կարեւոր է նաեւ պարզել, թե տվյալ նյութերը կոնկրետ որ հատվածից են գտնվել, որովհետեւ երիտասարդները փորփրել են տարածքները, եւ գտնված իրերը դուրս են եկել գիտական կոնտեքստից: Հիմա պետք է իրերին վերադարձնել այդ կոնտեքստը»,-հավելեց նա:
Մենք զրուցեցինք նաեւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի հետ: Նրա խոսքով` Արմավիրի մարզում մոտավորապես 3-4 պահակ կա, որոնք 20-25 հուշարձան են հսկում. «Իհարկե, հաստիքների ավելացում է պետք, բայց դա Կառավարության հետ կապված խնդիր է, ֆինանսավորման հարց կա: Մշակութային ժառանգություն պահպանելու գործընթացը ֆինանսական բաղադրիչ ունի, որը, իսկապես, շատ կարեւոր է, իսկ այն հնարավորությունները, որոնք ունենք մենք եւ մշակույթի նախարարությունը, սահմանափակ են: Պատկերացնո՞ւմ եք` պետական հոգածության ներքո գտնվող 19 հազար հուշարձան կա Հայաստանում, այսինքն` 19 հազար պահակ է պետք, եւ այդ պահակներին վարձատրել է պետք: Բազմաթիվ անգամներ դիմել ենք Կառավարությանը, սակայն երկիրը ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորություն չունի»,-մեկնաբանեց նա:
Հնագետի խոսքով` կան պրոֆեսիոնալ գանձագողեր, որոնք, պարզապես, հարստանալու նպատակ ունեն, բայց պետք է նկատել, որ գանձագողությունը հաճախ կատարվում է զուտ ապրուստի միջոց հայհայթելու համար:
Ա. Փիլիպոսյանը հավելեց նաեւ, որ տվյալ պարագայում կարեւոր է հասարակական գիտակցության բարձրացումը, հուշարձանների պահպանության հարցում հասարակական կազմակերպությունների ակտիվությունը:
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՉՊԱՐՏԱԴՐԱԾ ԱՂՈԹՔԸ
Երբ դեռ տարիներ առաջ Վարդան Պետրոսյանին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել էին, թե ինչպես է հաջողվում չգտնվելով Հայաստանում` զգալ եւ յուրացնել այստեղի ներքին կյանքն` իր խնդրահարույց կողմերով, դերասանը պատասխանել էր. «Քրիստոսն այսպիսի խոսք ունի՝ կուտակեք գանձերը երկնքում, որովհետեւ ձեր սիրտն այնտեղ է, որտեղ ձեր գանձերն են: Իմ գանձերն այստեղ են, սիրտն այստեղ է, իսկ եթե սիրտդ այստեղ է, դու ապրում ես այստեղի հոգսերով, այստեղի կյանքով: Ես ամբողջ էությամբ, ամբողջ սրտով զգում եմ այստեղի կյանքն ու ապրում եմ դրանով»: Հիմա էլ, թեեւ Վարդան Պետրոսյանը ֆիզիկապես չի կարող ամբողջովին ձուլվել մեր առօրյային, նրա սիրտը միշտ իր հանդիսատեսի հետ է, հանդիսատեսն էլ իր հերթին մտովի չի լքում սիրելի դերասանին:
Այսօր` փետրվարի 27-ին, Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է: Նրա որդին` Հայկ Պետրոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ հայրը երբեք էլ առանձնահատուկ կերպով չի նշել ծննդյան օրը. «Նման սովորություն չունի, չեմ հիշում նման բան…»,- ասաց նա:
Հայկը մարտին մի ներկայացմամբ հանդես կգա, որը կոչվում է «Եթե ես լինեի պապա»: Այստեղ նա կանդրադառնա իր եւ հայրիկի ու, առհասարակ, հայրեր եւ որդիներ հարաբերություններին: «Ներկայացմանս ասելիքն այն է, որ եթե ես լինեի պապա, իմ զավակին կփոխանցեի այն ամենալավը, որ ստացել եմ իմ հորից, վերջինս էլ` իր հորից»:
Ինչպես Հայկն է նշում, ինքը շատ բան է սովորել հորից, ու նրա հետ կապված շատ դրվագներ կան, որ առանձնահատուկ կերպով տպավորվել են. «Երբ ես փոքր էի, հանդիսատեսի շարքում նստած` ներկայացման ժամանակ պապայի հետ հավասար կրկնում էի նրա տեքստերը, կողքից ինձ նկատողություն էին անում, ասում էին` բալիկ ջան, կամաց, ասում էի` դու կամաց, պապաս ա…»,- ծիծաղելով պատմեց նա:
Հայկը, ի տարբերություն սովորական հանդիսատեսի, աճախ հնարավորություն է ունեցել հորը տեսնել կուլիսներում` վարագույների հետեւում. «Ներկայացումից առաջ նա, սովորաբար, քայլում է, գնում-գալիս է, ինչ-որ բան է խոսում, բայց չգիտեմ, թե ինչ… Երեւի ներկայացման տեքստն է ասում… Բայց բոլորը գիտեն, որ այդ պահին նրան չպետք է մոտենալ: Միայն ես էի, որ փոքր ժամանակ մոտենում, անկապ հարցեր էի տալիս, հետո հասկացա, որ այդ պահերին չի կարելի խանգարել… »:
Նրա խոսքով` հայրը իր խոսքով, գործով ու խորհուրդներով միշտ ներկա է որդու կյանքում: Բայց, ինչպես Հայկն է շեշտում, ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ հայրը երբեւէ ոչինչ չի պարտադրել իրեն. «Աստծո թեման մանուկ ժամանակ ինձ երբեւէ հետաքրքիր չի եղել: Երբ ես 16 տարեկան էի, նոր էի գնացել Փարիզ, մի անգամ պապան եկավ, բուկլետանման բան տվեց, որի վրա Տերունական աղոթքն էր գրված, ասաց` Հայկ ջան, ես մտածում եմ, որ որպես հայր իմ պարտականությունն է սովորեցնել քեզ այս աղոթքը, իսկ հետո դու կհավատաս դրան, թե ոչ, թող քո ընտրությունը լինի… Այդպես ես սովորեցի Տերունական աղոթքը…»,- հիշեց նա:
Հայկը պատմեց, որ երբ ինքը Հայաստանում էր, Վարդան Պետրոսյանը` Փարիզում, վերջինս հաճախ է իրեն նամակ գրել` նշելով. «Հիշի՛ր, որ տան տղամարդն այժմ դու ես, «դուխդ» չգցես»: Հայկի խոսքով` երբ իրենց ընտանիքի համար բարդ շրջան էր, Վարդան Պետրոսյանն իրենց ավելի է քաջալերել, քան հակառակը:
«Մի երգ կա, որ պապան սովորեցրել էր ինձ ու քրոջս, ինքը դաշնամուր էր նվագում, մենք երգում-ուրախանում էինք. դա սովորական երգ չի. «Տալվորիկի քաջ զինվոր»-ն է, որն առաջին անգամ հենց իրենից եմ լսել: Այդ երգի մեջ հայ մարդու տեսակը կա, այդ երգը ամենալավն է խտացնում բոլոր այն խոսքերը, որ հայրս փոխանցել է մեզ…»,-եզրափակեց Հայկը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄԵՔԵՆԱ` ՄԿՈՅԻ ՀԱՄԱՐ
Մարտի 3-ից մեծ էկրան կբաձրանա «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցերանի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, իսկ գլխավոր դերերում Մկրտիչ Արզումանյանն (Մկո) ու Իվետա Մուկուչյանն են: Փետրվարի 26-ին Մկրտիչ Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2015 թվականի ամռանը, Երեւանում եւ Ստեփանավանում: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսը` Աղասիկը, իր տաքսիով ընկնում է մի պատմության մեջ, որից հետո նրա կյանքն ամբողջովին փոխվում է: Ի դեպ, մեքենան, որն ըստ սցենարի, որդուն ժառանգություն է մնացել հորից, հատուկ ստեղծվել է ֆիլմի համար:
Մ. Արզումանյանը ասուլիսի ընթացքում խոսել է նաեւ Իվետա Մուկուչյանի հետ համագործակցության մասին` տեղեկացնելով, որ նրան գլխավոր հերոսուհու դերի համար ընտրել են մինչեւ «Եվրատեսիլ»-ին նրա մասնակցության մասին հայտնի դառնալը: Ըստ դերասանի` Իվետային ընտրելու հարցում որոշիչ է եղել նրա խառնվածքն ու աշխատասիրութունը:
Մկրտիչի խոսքով` ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսը դրական լիցքեր կստանա, քանի որ այն սիրո եւ նվիրվածության մասին է:
ՏԱՐԱՆՏԻՆՈՆ ԴԺԳՈՀԵԼ Է
Օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ Ամերիկյան կինոակադեմիան անարդարացիորեն արհամարհում է իր ֆիլմերի հագուստների նկարիչներին, եւ ինքն ունի դրա բացատրությունը: Հագուստի նկարիչների գիլդիայի մրցանակի հանձնման ժամանակ Տարանտինոն ելույթ է ունեցել` ի պաշտպանություն իր գործընկերների, որոնց, իր կարծիքով, չեն նկատում Ամերիկյան կինոակադեմիայի սխեմատիկ վերաբերմունքի պատճառով:
«Իմ ֆիլմերի հագուստի դիզայներներից ոչ ոք երբեք չի ներկայացվել «Օսկար»-ի, քանի որ ես չեմ անում պատմական ֆիլմեր` պարահանդեսներով եւ հարյուրավոր մարդկանցով: Սակայն մենք այլ բան ունենք, ես դա բարձրագույն մրցանակ եմ համարում… Արդեն 20 տարի է՝ Հելոուինին ես տեսնում եմ սեւամորթ ու սպիտակամաշկ տղաների, ովքեր հագնվում են ինչպես Ջուլսը եւ Վինսենթը՝ «Քրեական ընթերցվածք» ֆիլմից: Տեսնում եմ շիկահերների՝ դեղին կոմբինեզոնով: Ես կինոյում հագուստներին բավականին լուրջ եմ վերաբերվում»,- ասել է Տարանտինոն:
ԷԼԹՈՆ ՋՈՆԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է
Հայտնի երգիչ, երգահան Էլթոն Ջոնը Rolling Stone-ին տված հարցազրույցում «թիրախավորել է» ամերիկյան երգչուհի, երգահան Ջանեթ Ջեքսոնին` անդրադառնալով նրա վերջին համերգներին: Բանն այն է, որ Ջոնին հունից հանել է Ջեքսոնի ոչ ճիշտ երգեցողությունը: «Այս գրողի տարած երաժշտական ամսագրերը Ջանեթ Ջեքսոնի համերգների մասին այնպիսի ոգեւորությամբ են գրում, բայց ախր, գրողը տանի, նա ֆոնոգրամայի տակ է երգում: Ուշքի եկեք, դա շոու չէ, ես ավելի լավ է՝ գնամ տրանսվեստիտներին նայեմ, քան այդ երգչուհուն»,- ասել է երգահանը: