ArmLur.am-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը:
Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են:
Մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:
Բացի վերոնշյալ ապակառուցողական քայլերից, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, թե իբր Չայլու գյուղի ուղղությամբ հայկական ուժերը կրակ են բացել հովիվների ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն վարում: