«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկը 2015 թվականի նոյեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու փաստին: Այդ քրեական գործը հարուցվել էր «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների դատապարտյալների կողմից Ֆրանսիայից Հայաստան մեծ քանակությամբ թմրանյութ տեղափոխելու փաստի առիթով:
Դատապարտյալները ինտերնետով պատվիրել և ստացել էին «բուպրենորֆին» տեսակի թմրանյութ, որը ի դեպ, չէին հասցրել իրացնել: Արդեն մի քանի ամիս է՝ այս քրեական գործը վերը նշված դատարանում քննվում է, սակայն օրերս նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Տեղեկացանք, որ գործի ընդդատության հետ կապված տարաձայնություն է առաջացել: Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ քրեական գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ասել կուզի` այս մի քանի ամիսների դատավարությունը ջուրն է լցվել, եւ այժմ ամեն ինչ պետք է նորից սկսվի: