Գագիկ Խաչատրյանն անընդունելի համարեց «Եկամ­տա­յին հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքում­յանի՝ օրենս­դրական նա­խաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «Եկամ­տա­յին հարկի մասին» օրենքում լրա­ցում կատարելու մասին» հարցի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել` ազատ տնտեսական գոտու  շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:

«Անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, միևնույն ժամանակ եկամտային հարկի վճարումից օրենքի ուժով ազատելը խախտում   նրանց ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներից օգտվելու իրավունքը: Առաջարկում ենք նախագիծը համարել անընդունելի»,- հայտարարեց Գագիկ Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ի պատասխան արձագանքեց, որ էկոնոմիկայի նախարարությունը այդ նախագծի վերաբերյալ ունեցել է տրամագծորեն հակառակ տեսակետը:

«Նախ սա նոր արտոնություն չէ, դեռևս 1997թ դեկտեմբերի 27-ի «Եկամտահարկի մասին»օրենքով  սա նախատեսված է եղել, սակայն երբ եկամտային հարկի միավորում տեղի ուենցավ, այս հարկատեսակը տեխնիկական պատճառներով դուրս է մնացել: Եկրորդ փաստարկն այն է, որ ազատ տնտեսական գոտու շրջանակներում, երբ կազմակերպությանը տրամադրվում է շահութահարկի մասով արտոնություն, ապա անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտը այդ գործունեությունից ստացվող եկամուտն է, ապա սա նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր: Սա հավասարության ապահովման տեսնակյունից ենք հիմնավորում: Առ այս պահը մենք չունենք ազատ տնտեսական գոտու որևէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն ըստ էության, մենք ապահովում էինք արդար ու հավասար պայմաններ»,-նշեց Մինասյանը:

Արձագանքեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ասելով, որ սա բյուջեի վրա ազդեցություն չի ունենա, որովհետև չունենք ազատ տնտեսական գոտում անհատ ձեռնարկատեր:

«Բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ տեսլական ունենք ազատ տնտեսական գոտու: Արդյո՞ք մենք պատկերացնում ենք ազատ տնտեսական գոտին, որպես մի գոտի, որտեղ անհատ ձեռնարկատերեր են գործում, թե՞ մենք պատկերացնում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած խոշոր ընկերությունների ներկայություն»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:




Լրահոս