Լեռ-Էքս ՍՊԸ-ի պոչամբարում տեղի ունեցած վթարը փորձել են թաքցնել(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. հունիսի 25-30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաև հունիսի 26-ին այցելել Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Բարձրանալով Գեղի գետի վերին հոսանքները՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, բնապահպանները երեկոյան ժամը վեցից հետո հասնում են հանքավայրի տարածք և ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է ,Լեռ-էքսե ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը, մեր կարծիքով, ճիշտ չի կառուցված և գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի՝ նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:
Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է մի աղետալի վիճակ. պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս ամենի մասին բնապահպանները անմիջապես ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Բնապահպանների ահազանգից հետո միայն ԱԻՆ-ը հայտարարություն է տարածում վթարի վերաբերյալ, ինչից հետո հետո լրատվական կայքերում հրապարակվում են նյութեր, որոնց մեջ “Լեռ-էքս” ՍՊԸ-ի աշխատակիցները հերքում են պոչամբարից թափոնաջրերի արտահոսք լինելու փաստը՝ նշելով որ “հունիսի 25-ին գետի ջրի պլաստմասե խողովակաշարը պայթել էր, բայց … արտահոսած գետի մաքուր ջուրը ոչ թե լցվել էր պոչամբար և պոչերի հետ միասին արտահոսել դեպի Գեղի գետ, այլ առանց թափոնաջրերին խառնվելու էր լցվել գետը՝ առանձին կառուցված խողովակաշարի միջոցովե: Իսկ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանն “Առավոտ”-ի հետ զրույցում նշել է, որ նմուշառում են վերցրել Գեղի գետից՝ ավելացնելով, որ հաջորդ օրը դեպքի վայրում կատարած ուսումնասիրությունից հետո այդպես էլ պոչամաբարից արտահոսքի դեպք չեն արձանագրել:
Մեր այցելության պահին նկարահանած տեսանյութում ակնհայտ երևում է, որ գործող պոչամբարի մեծ մասը լցված է գետի ջրով` ինչն ակնհայտորեն խողովակաշարի՝ 4-5 տեղից պայթյունի հետևանք է: Այդ խողովակաշարը գտնվում է պոչամբարից ավելի բարձր նիշի վրա, և բնականաբար վթարի հետևանքով արտահոսած ջուրը այլ տեղ չուներ լցվելու, բացի պոչամբարից: Իսկ պոչամբարի պատվարի ներքևի մասում տեղադրված խողովակից դուրս է գալիս ոչ թե ,նորմայի սահմաններումե ջուր` ինչպես պնդում են պատասխանատուները, այլ թափոնաջուր, որն էլ նորից գնում-լցվում է գետը: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները նմուշառում պետք է կատարեին ոչ թե Գեղի գետում, այլ հենց այդ խողովակից դուրս եկող ջրում: Իսկ թե ե՞րբ է իրականում տեղի ունեցել վթարը և ի՞նչ է կատարվել կոնկրետ վթարի պահին, դժվար է ասել, քանի որ ,Լեռ-Էքսե ՍՊԸ-ի աշխատակիցներից բացի այլ ականատեսներ չկան: Սակայն դեպքերի ընթացքի տրամաբանական վերլուծությունը և մեր կողմից տարածքի տեղազննումը հուշում են, որ եթե տեղի է ունեցել գետի այնպիսի հզոր հորդացում, ինչի հետևանքով մի քանի տեղից պայթել է խողովակաշարը, ապա դժվար թե այդ հարվածին դիմանար պոչամբարի թույլ հողային պատվարի վերին հատվածը: Եթե նույնիսկ պատվարը դիմացել է այդ հարվածին և չի պատռվել (ինչը քիչ հավանական է), ապա ակնհայտ է, որ ջրի այդպիսի զանգվածի` պոչամբար լցվելու հետևանքով կատարվել է թափոնաջրերի մակարդակի բարձրացում, և դրանք հոսել են պատվարի վրայով դեպի ներքև: Դրա մասին են վկայում նաև պոչամբարի պատվարի վերին շերտը, որը ծածկված է հոսած թափոններով, պատվարի կենտրոնական մասի թաց հատվածը, որը ակնհայտ տարբերվում է կողային չոր մասերից, ինչպես նաև հենց պատվարի մոտ կանգնած էքսկավատորն ու տարածքում առկա մնացած շինարարական տեխնիկան, որոնք ամենայն հավանակությամբ օպերատիվ կերպով թաքցրել են են վթարի իրական հետևանքները:
Վերոնշյալի հետ կապված հարկ է նշել խիստ կարևոր 3 հանգամանք.
1. Ու՞նի արդյոք այդ պոչամբարը փորձաքննություն անցած նախագիծ, և ո՞ր պետական լիազոր մարմինն է թույլ տվել, որ լեռնային հզոր գետը դրվի բարակ պլաստիկե խողովակաշարի մեջ, իսկ պոչամբարի պատվարի ներքևում տեղադրված խողովակից դուրս եկող թունավոր թափոնաջրերը` առանց մաքրվելու լցվեն գետի մեջ, ինչը մեր կարծիքով անթույլատրելի է, քանի որ պոչամբարը պետք է գործի կամ ջրի շրջանառու համակարգով, կամ էլ պետք է ունենա մաքրման կայան:
2. Եթե հավատանք աշխատակիցների խոսքերին, վթարը տեղի է ունեցել բնապահպանների այցից մեկ օր առաջ, որի հետևանքները դեռևս չեն էլ վերացվել, ինչո՞ւ հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները չեն դադարեցվել և դեռ շարունակվում էին, երբ բնապահպանները գտնվում էին դեպքի վայրում:
3. “Լեռ-էքս” ՍՊԸ-ն վթարի մասին չի ահազանգել ԱԻՆ կամ պետական այլ մարմնի, ինչը ստիպում է ենթադրել, որ փորձ է արվել կոծկել վթարի փաստը և թաքցնել իրական հետևանքները, կամ սա պարզապես խոսում է նմանատիպ վթարների նկատմամբ մասնավոր ընկերությունների ունեցած հանցավոր անտարբերության մասին: Իսկ պետական մարմինների կողմից կատարվածին մինչ այս պահը ոչ համարժեք գնահատակններ տալը վկայում է, որ ցանկություն չկա պարզելու, թե ինչո՞ւ է թաքցվել վթարի փաստը, ի՞նչ վնաս է հասցվել բնությանն ու շրջակա միջավայրին, ո՞վ է կատարվածի պատասխանատուն և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն մեղավորները: Ավելին, ստացվում է, որ եթե բնապահպաններն այդ օրերին չլինեին Սյունիքում, հանրությունը այդպես էլ չէր տեղեկանա կատարվածի մասին:
ՀԲՃ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանություն նախարարություն` պարզելու համար թե ինչ նախագծերի հիման վրա է աշխատում Հանքասարի հանքավայրը, հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարները, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մասնագիտական վերլուծություն: Մինչ այդ սպասում ենք այս վթարի վերաբերյալ պետական մարմինների համապատասխան արձագանքին:
Ընդհանրապես Սյունիք կատարած մեր այցը մեկ անգամ ևս փաստեց, որ Հայաստանի կառավարությունը չի իրականացնում հստակ մշակված բնապահպանական քաղաքականություն, իսկ վերահսկողությունն այդ ոլորտում իսպառ բացակայում է, ասվում է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) համակարգող խորհուրդի հայտարարության մեջ:
econews .am




Լրահոս