ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԳՈ ՊԱՐԱԳԱՆԵՐ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԴԻՄԱՑ
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մուտքի մոտ սգո պարագաների վաճառքի վագոն-տնակ է տեղադրված: Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի հավաստմամբ` այդ վագոն-տնակը գտնվում է իրենց հիմնարկության տարածքից դուրս, եւ իրենց բուժաշխատողները խիստ բացասական են ընդունում այդ երեւույթը, անգամ ցանկացել են դրա դեմ ստորագրահավաք կազմակերպել: Ա. Գյոզալյանի խոսքով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետեւանքով բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք, որ վագոն-տնակը վարձակալական հիմունքներով տեղադրվել է Նոյեմբերյանի մի բնակչի կողմից՝ քաղաքի մեկ այլ բնակչին պատկանող տարածքում:

ՏԱՔՏԱՔՅԱՆՆԵՐԸ ՏԱՔ ԲՌՆՎԵՑԻՆ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է Երեւանի բնակիչներ, հայր եւ որդի Վարդգես եւ Գեղամ Տաքտաքյանների դատավարությունը: 1955թ. ծնված Վարդգես Տաքտաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր որդի, 1980թ. ծնված Գեղամ Տաքտաքյանի հետ, Երեւանում զբաղվելով արծաթյա իրերի վաճառքով, որդու հետ Թբիլիսի քաղաքում իրացման նպատակով ձեռք է բերել 3868.10 գրամ քաշով, 3 միլիոն 75 հազար 700 դրամ շուկայական արժեքով արծաթյա իրեր: Նրանք 2013թ. մարտի 18-ին, «ԲՄՎ» մակնիշի  տարանցիկ համարանիշներով ավտոմեքենայով Վրաստանից մուտք գործելով Բագրատաշենի մաքսակետի տարածք, արծաթյա իրերը մաքսանենգությամբ ավտոմեքենայի խցիկում՝ վարորդի կողքի նստատեղի աջ կողմում գտնվող փոքր խցիկում եւ հետեւի նստատեղի վրա, տեղափոխել են ՀՀ մաքսային սահմանով: Մաքսանենգության փաստը հայտնաբերվել է ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցների կողմից` մեքենայի կրկնակի զննությամբ:
Վարդգես եւ Գեղամ Տաքտաքյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (մաքսանենգություն): Սույն հոդվածով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս