Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  անդրանիկ  նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, ո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մարտի 15-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց  հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում ներկայացվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներիկողմից կատարված աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով նիստի օրակարգում ընդրգկված հարցերը՝ նշել է, որ մեծ ծավալի աշխատանքներ  են իրականացվել 2015թ.  Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից:

«2015թ. կարող ենք արձանագրել, որ մեր երկրում աստիճանաբար փոխվել է այն մոտեցումը, որը վաղուց  արմատավորվել էր մեր հասարակությունում, այն է՝  հաշմանդամություն ունեցող անձանց ավելի շատ օգնություն կամ խղճահարություն է պետք: Ես վստահ եմ, որ մեր հանձնաժողովի բոլոր անդամներն ու հասարակության զգալի մասը այսօր այն համոզմանն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեզանից մեկն են, և մենք բոլորս, մեր իրավասությունների շրջանակում, պետք է կարողանանք ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի նրանք կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքները և հասարակության լիարժեք անդամ դառնան»,- ընդգծել է նախարարը:

Նիստի ընթացքում նախարարը  անդրադարձել է նաև 2016թ. ապրիլ ամսին նախատեսված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանը  ՀՀ կառավարություն: «Կարծում եմ երկար սպասված օրենքի նախագիծ է, քանի որ այսօր գործող օրենքը 1993թ. է  ընդունվել, իսկ այս ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական կյանքում և, ուղղակի, մարդկային հարաբերություններում: Բնականաբար, նոր օրենքի անհրաժեշտությունը շատ առարկայական է, և պիտի կարգավորի ներկայիս հարաբերությունները»,- ասել է նախարարը:

Հաշվետվությունների ներկայացման ընթացքում հնչել են նաև առաջարկություններ հաշվետվությունների ձևաչափի հստակեցման և ազգային հանձաժողովի կազմի ընդլայնման վերաբերյալ:

Նիստի ավարտին նախարար Արտեմ Աստարյանը ևս մեկ անգամ կարևորել է միջգերատեսչական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և նշել, որ այդ ձևաչափը ոլորտում առկա խնդիրների վերհանման և լուծման լավագույն միջոցն է:

Ազգային հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված պետական գերատեսչությունների, ինչպես նաև ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




Լրահոս