Դպրոցականն անգամ գիտե, որ յուրաքանչյուր նախարար զբաղվում է իրեն վստահված բնագավառով: Այսպես` կրթության նախարարը հետևում է, որ երեխաները լավ սովորեն, գյուղատնտեսությանը` ժամանակին ցանեն ու հնձեն, պաշտպանությանը` երկիրը հուսալի պաշտպանեն, իսկ երբ թշնամին հարձակվում է, զենքը ձեռքին հերոսաբար կռվեն: Մի խոսքով` ամեն մեկն անում է այն գործը, որին ինքը կոչված է:
Կա նաև մի նախարարություն, որի առաքելությունը խաղաղություն քարոզելն է ու սերմանելը պետությունների միջև: Ամենուր: Այդ գերկարևոր, ազնիվ ու մարդասիրական աշխատանքը իրականացնող գերատեսչությունը, որը կոչվում է արտաքին գործերի նախարարություն, կատարում է իր դեսպանների միջոցով: Դեսպաններն աշխարհի ամենախաղաղասեր մարդիկ են: Նրանք քարոզում են բարեկամություն, հաշտություն և համերաշխություն: Ամեն մեկը մի “փրկիչ”` այս մեղսաշատ աշխարհում: Եվ չեք գտնի, եթե անգամ մոմով ման գաք, մի դեսպանի, որը հակառակն անի կամ քարոզի: Չեք գտնի որևէ երկրում, որևէ դարում և հասարակարգում: Չկա՜ դեսպան, որն ասի զենք վերցրեք և դուրս եկեք ուրիշ ժողովրդի, մանավանդ ձեր հարևանի դեմ: Ասում ենք` չկա: Սակայն պարզվում է, որ կա: Նացիստները խաղաղության և համագործակցության միջոց հանդիսացող դիվանագիտությունը վերածեցին պատերազմի նախապատրաստության գործիքի: Դա առաջին դեպքն էր նորագույն պատմության մեջ, իսկ երկրորդ դեպքը…
Ծանոթացե՜ք: Փոլադ Բյուլ-բյուլ օղլի: Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում: Ծանոթացեք և հիշեք. արտակարգ և լիազոր դեսպան, որը հանդես է գալիս որպես պատերազմի մունետիկ, ջատագով ու հրձիգ: Այս “դիվանագետը”, առանց աչք թարթելու, Արցախյան հարցն առաջարկում է լուծել զենքի ուժով: “Եթե մեկն ու մեկը մտածում է, որ ինքը կնստի տանը, իսկ բանակը կազատագրի բռնագրավված հողերը, այդպես չի լինի: Ողջ երկիրը, ողջ հասարակությունը, ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու բռունցքվի, նեցուկ կանգնի իր նախագահին և ազատագրի երկիրը: Այլ ճանապարհ գոյություն չունիե,– 2010 թվականի օգոստոսի 28-ին ANS հեռուստաընկերության եթերից ի լուր աշխարհի բարբառել է դեսպանը: Հետո իր իսկ բարձրացրած զենքի շաչյունի տակ սպառնացել արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը` հայտարարելով, որ ,այդպիսի ռազմական գործողության համար Բաքուն ուժեր ունի”:
Ասվածն այն աստիճանի անսովոր էր, այն աստիճանի հակադիվանագիտական ու ցինիկ, որ առաջացրեց Մոսկվայի անմիջական հակազդեցությունը: ԱՊՀ-ի Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնեց, որ հակամարտության խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի: Բյուլ-բյուլ օղլու դեմարշը նա պաշտոնապես անվանեց սպառնալիք` իր ներկայացրած կազմակերպությանը: Իր հերթին` Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը միջադեպը գնահատեց այսպես. “Դեսպանի հայտարարությունը սադրանք է”:
Մնում է միայն ավելացնել, որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլին պրոֆեսիոնալ դիվանագետ չէ: Նա այդ ոլորտում հայտնվել է էստրադային բեմից: Դա, անշուշտ, չի կարող արդարացնել նրան: Քանի որ երգիչների մեջ նույնպես դժվար է գտնել պատերազմի հրձիգի, եթե անգամ նրա ներկայացրած երգացանկը հույժ գռեհկաճաշակ է: Հավանաբար, օրերից մի օր սույն “դեսպանի” դիմանակարը կհայտնվի դիվանագիտական դասագրքերում` “Անձնավորություն, որը դիվանագետ կոչվելու իրավունք չունի” մակագրությամբ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat. am