ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս կարծես նորաձեւ է դարձել հանգուցյալին եկեղեցի տանելը եւ հոգեհանգստի արարողությունն այնտեղ կազմակերպելը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Անի Թորոսյան (27 տարեկան, կոսմետոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի նորամուծություն չկա: Դա հին քրիստոնեական ավանդույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ քրիստոնյա աշխարհում: Հայոց մեջ եկեղեցու սպասավորի կողմից կատարվող թաղման կարգը բաժանվել է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ… Երբ մարդը մահանում էր, մի քանի ժամ տանն էին դնում, այնուհետեւ երեկոյան տեղափոխում եկեղեցի, որտեղ հաջորդ օրը՝ առավոտյան, կատարում էին եկեղեցու կարգ եւ տանում գերեզման՝ հողին հանձնելու: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցու հատվածը դուրս եկավ… Այսօր այդ ծեսը նորից կյանքի է կոչվել, սակայն բախվել ենք մեկ այլ խնդրի. չունենք գերեզմանատներին կից եկեղեցիներ, մատուռներ, եւ երբեմն եկեղեցում հանգուցյալ դնելն անհարմարություն է առաջացնում: Մարդիկ դեռեւս սովոր չեն, եկեղեցի չեն մտնում, սին վախեր ունեն՝ եկեղեցում հանգուցյալ տեսնելու հետ կապված: Այսօր այս խնդիրը ծառացած է եկեղեցու առջեւ: Կարծում եմ՝ լուծումը կգտնվի. յուրաքանչյուր գերեզմանատանը կից մատուռներ կկառուցվեն, որտեղ կդրվեն հանգուցյալները, եւ այնտեղից էլ կկազմակերպվի հուղարկավորության կարգը:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, ողջունելի է, որ հին քրիստոնեական ավանդույթները  յոթանասունամյա սովետական աթեիզմից հետո վերականգնվում են: Սակայն այս հարցում էլ, ինչպես եւ շատ այլ դեպքերում, առկա են լուրջ խնդիրներ. մասնավորապես` Երեւանում գործող բազմաթիվ եկեղեցիներից հանգուցյալների հոգեհանգստի արարողություն են մատուցում միայն երկուսը, թեեւ, ըստ քրիստոնեական կանոնների, Աստծո տունը` եկեղեցին, պետք է բաց լինի բոլորի համար, ուստի եկեղեցականներն իրավունք չունեն որեւէ հանգուցյալի մուտքը որեւէ եկեղեցի սահմանափակել: Բայց այստեղ էլ են առկա որոշակի բիզնես շահեր եւ, ինչու ոչ, եկեղեցական կոռուպցիայի դրսեւորումներ:




Լրահոս