Մարտի 31-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց «Քաղաքացիական պաշտպանության ուժերը և զարգացման հիմնական ուղիները» թեմայով երկօրյա աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն է ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել ՔՊ ուժերի զարգացման ուղիները և առկա խնդիրները:
Քննարկմանն ընդգրկված են ՀՀ պաշտպանության, ոստիկանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև՝ «Հայջրմուղկոյուղու» և Երևանի քաղաքապետարանի շահագրգիռ վարչությունների աշխատակիցներ: Աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Վ. Գաբրիելյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս աշխատաժողովը նպատակ ունի քննարկել ՔՊ գործառույթները և միասնական ջանքերով առաջ քաշել անհրաժեշտ նոր մոտեցումներ.
-Վերջին 25 տարիներին մեր իշխանությունները առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում քաղաքացիական պաշտպանությանը: Մեկ ու կես տասնյակից ավել նոր որոշումներ և օրենքներ են ընդունվել՝ ուղղված այս ոլորտի զարգացմանն ու առաջընթացին: Այսօր մեր խնդիրն է կատարելագործել ՔՊ ուժերի պատրաստականությունը և զարգացման ուղիները՝ որպես առաջնահերթություն ունենալով բնակչության պաշտպանության հիմնահարցը:
Ներկայացնելով ՔՊ ուժերի կառավարումն ու կառուցվածքը՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանը նշեց, որ ժամանակակից պատերազմների շրջանում ավելի է կարևորվում քաղաքացիական պաշտպանությունը, քանի որ ռազմական գործողություներն ու օգտագործվող միջոցները պահանջում են ՔՊ խնդիրների լուծման համար նոր մեթոդներ և մոտեցումներ, նոր ուժեր և գիտելիքներ: Իր զեկույցում ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանն անդրադարձավ ԽՍՀՄ-ում քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծմանը, իրականացրած ծրագրերին: Մ.Ներսիսյանը նշեց, որ ՔՊ ստորաբաժանումների խնդիրը խոշոր աղետների և վթարների գոտում առավել բարդ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն է, որը պահանջում է ՔՊ ուժերում բնակչության լայն շերտերի ընդգրկում:
Ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ քաղաքացիական պաշտպանության կողմից իրականացվող խնդիրների մեծ մասը պահանջում է տարբեր նշանակության ՔՊ ուժերի ստեղծում ու զարգացում: Այս և Միջազգային մարդասիրական արձագանքման համակարգի առաքելության մասին առավել մանրամասն զեկուցեց ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը: Նա նշեց, որ ԱԻ նախարարությունն այդ առիթով խնդիր էր դրել ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան փրկարարական թիմ, որն այսօր արդեն իրականություն է: 2015 թ. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորումն անցնելուց հետո Հայաստանը 34-րդ երկիրն է, որն ունի նման թիմ:
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակն ու խաղաղ պայմաններում լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը՝ աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն գործող իրավական ակտերը, կմշակվեն նոր մեթոդներ և ձևեր՝ տուժած բնակչությանն անհրաժեշտ օգնության ցուցաբերելու, փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և այլ աշխատանքների արդյունավետ իրականացման համար: