Մեր զինվորների հերոսացումը պետք է դարձնենք հենք` հայկական դիվանագիտության հաղթանակի համար. Գագիկ Գինոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել էր: Ադրբեջանն անցում էր կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով: 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմից հետո սրանք ամենախոշոր գործողություններն էին, որոնք ձեռնարկեց Ադրբեջանի զինուժը: Հակամարտող երկու կողմերն ել տվեցին զոհեր: Արդեն ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ ձեռք բերվեց կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն: Եվ չնայած այս հանգամանքին հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Կարին¦ ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Հիշեցնենք, որ նա Արցախի ինքնապաշտպանական մարտերում եղել է §Ազատագրական բանակ¦ ջոկատի ռազմիկ, ապա ընդգրկվել է Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ մասնավորապես ոչնչացրել է թշնամու 2 տանկ։

-Պարո՛ն Գինոսյան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել` մեր կենցաղը վերաիմաստավորելու եւ արժեհամակարգը վերաձեւելու առնչությամբ:

-Հիմա պետք է մտածել մեր բանակի սպառազինության, գիտության եւ ռազմարդյունաբերության զարգացման մասին: Մենք պետք է ունենանք հակառակորդի ուժերին համարժեք տեխնիկա, իսկ մեր զինվորների հերոսացումը պետք է դարձնենք հենք, որպեսզի հայկական դիվանագիտությունը վերջապես ինչ-որ լուրջ հաղթանակ արձանագրի: Այսինքն` ռազմական հաջողությունների հենքի վրա ձեռքբերումներ ունենանք դիվանագիտական ասպարեզում եւ արդյունքում կանխվի հակառակորդի կողմից վաղը ցուցաբերելիք ագրեսիան եւ հրոսակային ոտնձգությունները: Շատ կարեւոր է, որ հայկական կողմը ոչ թե փորձի դիմագրավել հակառակորդի հարձակմանը, այլ ի սկզբանե կանխի այն: Ինչ վերաբերում է կրակի դադարեցմանը, ապա, կարծում եմ, որ հրադադար պարտադրողները պետք է նախեւառաջ մեր կողքին լինեին ստեղծված դժվարին իրավիճակում, այլ ոչ թե այն բանից հետո, երբ մենք ծանր կորուստներից հետո վերականգնեցինք մեր դիրքերը: Այնուամենայնիվ, եթե կրակի դադարեցումը արդեն կա, մենք պետք է առաջինը չհարվածենք, ինչպես որ միշտ եղել է :

-Զոհված զինծառայողների եւ կամավորների զգալի մասն անապահով ընտանիքներից էին: Արդյոք մեր կառավարության համար օրակարգային չպե՞տք է դառնա այդ ընտանիքներին սոցիալապես ապահովելու եւ որոշ արտոնություններ տրամադրելու հարցը:

-Այո՛, այդ խնդիրը պետք է մեկընդմիշտ լուծվի, եւ մոտեցումը չլինի այնպես, ինչպես 1994-ին էր. զոհվածների ընտանիքների անդամները հրադադարից հետո չպետք է իրենց որբացած զգան գոնե հայրենիքում: Նրանց պետք է տալ հատուկ կարգավիճակ, ուսում, բուժում ստանալու համար արտոնություններ, որպեսզի վերջիններս հասկանան, որ երկիրը փոխարինում է իրենց հիմնական ստնտուին:

-Մեր Արտգործնախարարության քայլերը, ըստ Ձեզ, որքանո՞վ էին արդյունավետ վերջին տարիների համար աննախադեպ այս իրավիճակում:

-Ես տարբեր երկրներում բազում ընկերներ ունեմ, եւ նրանք ինձ հետ զրույցում մի բան էին պնդում, որ այս օրերին հայկական կողմից անգլալեզու պաշտոնական հայտարարություն չհնչեց, իսկ ռուսալեզու հայտարարություններն էլ ռուսական կողմն էր անում` հավասարության նշան դնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մինչդեռ Թուրքիան իր հայտարարություններով միանշանակ զորակցում եւ աջակցում էր Ադրբեջանին: Մինչ ադրբեջանցիները ապատեղեկացնում էին ամբողջ աշխարհին` ներկայանալով զոհի կարգավիճակում, մենք չէինք կարողանում կանխել դա: Այս առումով շատ բացեր ունենք, որոնք պետք է լրացնել:

-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ հակառակորդի այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Տարբեր երկրներում հայերը բողոքի ցույցեր են անցկացնում: Արցախին զորակցում են Ֆրանսիայի, Ավստրիայի, Հունաստանի եւ այլ երկրների հայերը: Անգամ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ հայական «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, երբ երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը: Սփյուռքի այս քայլերի արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Իհարկե, նման դրսեւորումներ կան, այդ ցույցերը տեղին են, բայց անպտուղ կդառնան, եթե չվերածվեն գործողության: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանուն Հայաստանի սփյուռքը դրամահավաք անցկացրեց, զարդեր զոհաբերեց, որ ստեղծվի տանկային շարասյուն: Այսօր էլ մենք նման զոհաբերության կարիք ունենք: Ուստի համայն հայությանը կոչ եմ անում գնալ գործնական քայլերի, այլապես բոլոր խոսքերը կդառնան ձայն բարբառո հանապատի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս