Նրան ծնկի չբերեցին ո՛չ հայրենիքի թշնամիները, ո՛չ էլ կյանքի դժվարությունները. ազատամարտիկ Վարդանի հիշատակին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ապրիլի 17-ը բացվեց չարագույժ ու տխրադեմ. մահացել էր ազատամարտիկ, «Մալաթիա» ջոկատի անդամ Վարդան Սամսոնյանը՝ Քյասիբ Վարդանը: Այս լուրը դաշույնի պես խոցեց շատերի սրտերն ու սեղմեց կոկորդները. չէ՞ որ Վարդանը ընտանիքի հենասյունն էր, ընկերախմբի ոգին ու շրջապատի ուրախությունը: Նրան ծնկի չբերեցին ո՛չ հայրենիքի թշնամիները, ո՛չ էլ կյանքի դժվարությունները. նրան հաղթեց հիվանդությունը…
Վարդանն ամենուր էր. որտեղ հայրենանվեր գործ, այնտեղ՝ նա: Մասնակցում էր եկեղեցաշինությանը, բակերի նորոգմանը, այգիների ու խաղահրապարակների կառուցմանը: Նախաձեռնում էր, տքնում ու ստեղծում:

Առանձնահատուկ սրամիտ էր, հումորի անսպառ աղբյուր, անփոխարինելի զրուցընկեր: Ցանկացած իրողություն դիպուկ բնութագրում ու վերլուծում էր՝ համեմված կատակներով: Աչքերը չարաճճի ծիծաղում էին, բայց այդ ծիծաղն արագ վերածվում էր տխրության, երբ հիշում էր հայրենիքի՝ գերության մեջ գտնվող տարածքները: Անհրաժեշտության դեպքում անհապաղ, առանց տատանվելու արձագանքում էր հայրենի հողի կանչին ու զենքը ձեռքին՝ գնում պատերազմի դաշտ: Վստահաբար, այսօր նա կլիներ առաջնագծում, կգնար առաջինն ու կգար վերջինը: Իր կեղծանունն էլ՝ Քյասիբ, ստացել էր Արցախյան ազատամարտի տարիներին, երբ անընդհատ զենք-զինամթերք էր ուզել իր ջոկատի համար:

azatamartik

Պաշտում էր Արեւմտյան Հայաստանը: Ամեն անգամ այնտեղից վերադառնալիս աչքերի թախիծն ավելի էր խորանում: Ասում էր՝ գանձ ենք թողել նրանց:

Նույնիսկ երազում էր այնտեղ բնակվելու մասին, սակայն չէր կարող ապրել օտարի տիրապետության տակ… Սիրելի՛ Վարդան, քո խոսքերը, խրատներն ու խորհուրդները երբեք չեն մոռացվի: Վառ կերպարանքդ այսօր էլ պահապան հրեշտակի պես շրջում է քո իսկ նախաձեռնությամբ կառուցված այգում, որտեղ կանգնեցվել է հուշակամար, որը եկող սերունդներին կպատմի քո մասին…

Անուշիկ Խաչատրյան




Լրահոս