ՀԱՐՑ. Ես կորցրել եմ իմ ամառանոցի առքուվաճառքի պայմանագիրը: Մյուս բոլոր փաստաթղթերն ունեմ: Մեկ օրինակը գտնվում է կադաստրում, մյուսը՝ նոտարում: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի վերականգնեմ փաստաթուղթը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մանուկյանի հարցի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.
• Եթե անշարժ գույքի՝ ամառանոցի նկատմամբ իրավունքները սահմանված կարգով ստացել են պետական գրանցում կամ նշված գույքի առքուվաճառքի պայմանագիրը սահմանված կարգով ներկայացված է եղել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի որեւէ տարածքային ստորաբաժանում կամ սպասարկման գրասենյակ, ապա քաղաքացին իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի առքուվաճառքի պայմանագրի պատճենը ստանալու համար, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ եւ 32-րդ հոդվածների պահանջների համաձայն, կարող է դիմել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի որեւէ սպասարկման գրասենյակ եւ վերը նշված օրենքի 73-րդ հոդվածով սահմանված (կադաստային գործի փաստաթղթերի լուսապատճենների յուրաքանչյուր էջի համար գանձվում է 20 դրամ) վճարները կատարելու դեպքում քաղաքացուն նշված օրենքի 11-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ տվյալ գույքի կադաստրային գործից սահմանված կարգով կտրամադրվի պահանջվող պայմանագրի լուսապատճենը:
• Եթե տվյալ առքուվաճառքի պայմանագիրը չի ներկայացվել կադաստրի մարմին, ապա քաղաքացին կարող է դիմել նոտարական գրասենյակ՝ առքուվաճառքի պայմանագրի կրկնօրինակը ստանալու համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ եւ հստակ ներկայացված է կորցրած պայմանագիրը վերականգնելու կարգը: Այնպես որ, մնում է ծանոթանալ նշված կարգին եւ դիմել որեւէ նոտարական գրասենյակ կամ ցանկացած տարածքային կադաստրային ստորաբաժանում: