Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակի նախնական` օպերատիվ արդյունքները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,5 տոկոսով:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսության վիճակն ավելի ակտիվ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, երբ կարելի էր ասել, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե կաթվածահար վիճակում էր գտնվում: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք:
Այսպես՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի համեմատ աճել էր 2,5 տոկոսով: Այսինքն՝ չնայած տնտեսությունն իրականում կաթվածահար վիճակում էր, դեպի ԱՊՀ երկրներ գրեթե ոչ մի ապրանք չէր արտահանվում, տրանսֆերտները կիսով չափ նվազել էին, առեւտրաշրջանառությունը նվազել էր 6 տոկոսով եւ այսպես շարունակ, բայց միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրները տնտեսական աճ էին արձանագրել: Այս տարի արդեն արտահանումը, անցած տարվա ողբերգական թվերի համեմատ, որոշակի կարգավորվել է, եւ աճ է արձանագրվել, որը կազմել է 26,3 տոկոս:
Այսինքն՝ ստացվում է արտահանման 23 տոկոս անկման դեպքում 2015-ին պաշտոնական վիճակագիրները տնտեսության 2,5 տոկոս աճ էին գրել, այս տարի արտահանման 26 տոկոս ավելանալու պայմաններում` 5,5 տոկոս: Անցած տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները բնեղեն տեսքով նվազել էին, բայց գնաճի շնորհիվ պաշտոնական վիճակագիրները արդյունաբերական արտադրանքի գումարային արժեքի 2 տոկոսով աճ էին «նկարել»: Այս տարի ավելացել են ինչպես արդյունաբերական արտադրանքի բնեղեն ծավալները, այնպես էլ գումարային արժեքը, ինչը արտահանման ծավալներով է պայմանավորված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ազգային վիճակագիրները հատուկ միջոցներ են ձեռնարկել` տնտեսական «աճը» մի փոքր զսպելու համար, որպեսզի անցած տարվա իրենց «բլեֆը» ամբողջությամբ նկատելի չդառնա:
Արդյունքում, պաշտոնական վիճակագիրները անհավանական բան են արել. նախ ընդհանուր գնանկում են գրել` 1,4 տոկոս: Այլ կերպ ասած՝ մարդիկ Հայաստանում գների իջեցում են արձանագրել, իսկ թե որտեղ են նման բան նկատել, դա թերեւս միայն իրենց է հայտնի: Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ, ըստ ԱՎԾ-ի, արդյունաբերական արտադրանքի գները եւս իբր 4 տոկոսով նվազել են:
Ի դեպ, դեռեւս չի հրապարակվել այս տարվա մարտին արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխացնված գումարների վերաբերյալ վիճակագրությունը: Կասկածից վեր է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված դինամիկան պահպանվելու է, եւ անցած տարվա մարտի համեմատ տրանսֆերտները կրկին կիսով չափ կնվազեն, ինչպես հունվարին եւ փետրվարին:
Ներկայացվող տնտեսական աճի հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք եւս կա: ինչպես հայտնի է՝ այս տարվա առաջին երկու ամիսներին պետբյուջեի մուտքերը անցած տարվա համեմատ նվազել էին: Չնայած մարտին հավաքագրված հարկեր-տուրքերի պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ պատկերը դժվար թե փոխված լինի: Նման իրավիճակը, մեղմ ասած, տարօրինակ է:
Ի վերջո, տնտեսության վիճակի ամենաառաջնային ցուցիչը եւ բնութագիրը հարկերն են: Տնտեսական աճը ենթադրում է, որ ընկերությունները զարգանում եւ առաջ են գնում, հետեւաբար նրանց վճարած հարկերը եւ տուրքերը եւս պետք է ավելանան:
Իսկ երբ պաշտոնական վիճակագիրները տնտեսության աճ են արձանագրում, իսկ հարկերը եւ տուրքերը նվազում են, ապա դա երկու բացատրություն է ունենում. ինչ-որ մարդիկ գողանում են պետբյուջեի միջոցները, կամ էլ աճը կեղծ է ու իրականության հետ կապ չունի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ