Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են գործել տեղի ժանդարմերիայի վրա: Ինչպես իրազեկում է թուրքական ընդդիմադիր «cumhuriyet» պարբերականը, քուրդ զինյալները ժանդարմերիայի շենքի դիմաց պայթեցրել են պայթուցիկով բեռնված մեքենա: Սպանվել է 1 թուրք զինվոր, ևս 21-ը վիրավորվել են: Իսկ թուրքական մեկ այլ աղբյուրի՝ «haberler» լրատվական կայքի համաձայն՝ Դիջլեում տեղի ունեցածի արդյունքում վիրավորվել 26 հոգի:
Թուրքական ուժերը պատասխան կրակ են բացել քուրդ գրոհայինների ուղղությամբ, ինչի հետևանքով սկսվել է փոխհրաձգություն: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և զրահապատ մեքենաներ: Մեծ թվով զինվորական ստորաբաժանումներ են ուղարկվել որպես օժանդակ ուժ:
Նշվում է, որ քուրդ գրոհայինները կրակ են բացել նաև Դիարբեքիրի Հանի շրջանից ճանապարհ ընկնող թուրքական օժանդակ ուժերի ուղղությամբ, որի հետևանքով 3 հոգի վիրավորվել է: