Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի հարցում Հայաստանի իշխանությունները ընդամենը չնչին զիջումների են գնացել: Մասնավորապես, այդպես էլ չեն համաձայնել մատների թանաքոտման եւ ընտրությունները միայն նույնականացման քարտերով (այդիներով) կազմակերպելու տարբերակին, փոխարենը ներմուծել են ընտրողի մատնահետքը վերցնելու համակարգը:
Ըստ այդմ, նախատեսվում է, որ քվեարկության եկած ընտրողի փաստաթուղթը ստուգելուց եւ նրա՝ տվյալ տեղամասի ընտրական ցուցակում ներգրավված լինելուց հետո հատուկ սարքով վերցվելու է ընտրողի մատնահետքը: Ընտրություններից հետո մատնահետքերի տվյալները մեկտեղվելու են եւ համեմատվելու են, եթե համընկնումներ արձանագրվեն, ապա տվյալները փոխանցվելու են ոստիկանությանը` համապատասխան ընտրողին կրկնակի քվեարկության համար պատասխանատվության ենթարկելու համար: Ի դեպ, այս դեպքում ուշագրավ է այն հանգամանքը, որ մատնահետքով հայտնաբերված կրկնակի քվեարկության փաստերի ազդեցությունն ընդհանուր արդյունքների վրա թողնված է ԿԸՀ-ի գնահատմանը:
Ընտրացուցակների հետ կապված նորամուծություն «զիջումը» կայանում է նրանում, որ ընտրողներին գրանցած էլեկտրոնային սարքերը քվեարկությունից հետո տպագրելու են հատուկ տեղեկանք, որտեղ նշված են լինելու ընտրություններին մասնակցած ընտրողների` ընտրական ցուցակի հերթական համարները: Այդ փաստաթուղթը լինելու է բաց, եւ վստահված անձինք ու լրագրողներն իրավունք ունեն դրանցից քաղվածք անել կամ լուսանկարել:
Ընտրություններում ծրարները կնքելու փոխարեն առաջարկվում է ներդնել ինքնասոսնձվող դրոշմանիշների կիրառման համակարգը: Ծրարներն իրենց վրա ունենալու են հատուկ բացվածք, որի միջոցով քվեաթերթիկի վրա դրոշմանիշ է փակցվելու: Դրոշմանիշները ամեն տեղամասի համար առանձին են տպագրվելու:
ԱԺ ընտրություների ժամանակ, ինչպես եւ սկզբնական տարբերակով էր նախատեսված, մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունենալու է առանձին քվեաթերթիկ: Սակայն, եթե սկզբում նախատեսվում էր, որ քվեաթերթիկները պետք է տարբեր գույնի լինեն, ապա այժմ առաջարկվում է, որ դրանք լինեն միանման: Քվեաթերթիկի մի կողմում լինելու է կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները, մյուսում` տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրած թեկնածուների անունները: Ինչպես եւ սկզբնական տարբերակով առաջարկվում է Հայաստանը բաժանել 13 ընտրատարածքի` չորսը Երեւանում, ինն մարզերում: Մարզերից առանձին ընտրատարածքով ներկայացված չի լինի միայն Վայոց ձորը, որը Սյունիքի հետ ընդգրկված կլինի մեկ ընտրատարածքում:
Ընտրատարածքում կուսակցություններից յուրաքանչյուրը պարտավոր է լինելու առաջադրել նվազագույնը 5 թեկնածու: Ի դեպ, նախատեսվում է, որ ընտրատարածքում առաջադրված թեկնածուների շարքում մեկ սեռի ներկայացուցիչների թիվը 75 տոկոսից ավել չպետք է լինի: Այլ կերպ ասած՝ հինգական թեկնածու առաջադրելու դեպքում նրանցից երեքը կարող են տղամարդ լինել, երկուսը` կին կամ հակառակը: Նշենք նաեւ, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակում եւս կանանց ներգրավվածության տոկոսը նախկին 15-ից բարձրացվել է 25-ի: Այսինքն՝ գործնականում այնպիսի համակարգ է առաջարկվում, որ ամեն չորրորդ թեկնածուն կին լինի: Ավելին՝ մանդատների բաշխման ընթացքում եւս այդ համամասնությունը պահպանվելու է, այսինքն՝ կին թեկնածուին բաժին հասած մանդատը թափուր մնալու դեպքում փոխանցվելու է տվյալ կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ կին թեկնածուին: Համամասնական ցուցակում ազգային փոքրամասնություններին ներգրավելու հանգամանքը պարտադիր պահանջ լինելուց փոխվել է իրավունքի: Այլ կերպ ասած՝ քաղաքական ուժերը ոչ թե պարտավոր են լինելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածու առաջադրել, այլ իրենց ցանկությամբ կարող են այդ անել:
ԱԺ մանդատների բաշխման հարցում կանանց մանդատների հետ կապված նորամուծությունը միակ փոփոխությունը չէ: ԸՕ նախագծի առաջին տարբերակով ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությանը հասնելիք մանդատների կեսը բաժին էր հասնելու ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներից առավել ձայներ ստացած թեկնածուներին: Նոր կարգով մանդատը բաժին է հասնելու այն ընտրատարածքներին, որտեղ տվյալ քաղաքական ուժն առավել թվով ձայներ է ստացել: Այսինքն՝ կարող էր այնպես լինել, որ մեր ընտրատարածքում թեկնածուներից մեկն իր կուսակիցներից ամենաշատ ձայները ստացած լիներ, բայց նրա ընտրատարածքում իրենց կուսակցության ձայներն ամենաշատը չլինեին, բայց նա ստանար մանդատ: Նոր տարբերակով մանդատը տրվելու է քաղաքական ուժի օգտին ամենաշատ ձայներ ապահոված ընտրատարածքի առավել ձայն ստացած թեկնածուին:
Ի դեպ, տեղամասում լրագրողների թվի սահմանափակումը, որը ԸՕ նախագծի առաջին տարբերակում առկա էր, հանվել է: Փոխարենը լրատվամիջոցներին իրավունք կտրվի ունենալ ընտրությունները լուսաբանող մինչեւ հիսուն ներկայացուցիչ, որոնք պարտադիր պետք է լրագրողական գործունեություն ծավալած անձինք լինեն եւ հավատարմագրվեն ԿԸՀ-ում: Նշենք նաեւ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը տեղամասերում կարող են մինչեւ երկուական վստահված անձ ունենալ, ներկայիս մեկականի փոխարեն:
Փաստացի կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանություններն ընտրակեղծարարության գործիքներից իրենց զինանոցում պահում են ընտրակաշառքի եւ վերահսկվող քվեարկության մեթոդները` համոզված լինելով, որ այդպես էլ իրենք կարող են իրենց ցանկալի արդյունքը ստանալ:
ԸՕ նախագիծը կներառվի գալիք երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԿՏԵՍՆԻ
Ինչպես հայտնի է՝ Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններում քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը սատարել էր ընդդիմադիր թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Ըստ լուրերի՝ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, որը պահպանեց իր պաշտոնը, մտադիր է աշխատանքից ազատել Ա. Նազարյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց Դանիելյանից պարզել, թե ճիշտ է, որ նա պատրաստվում է հաշվեհարդար տեսնել իր հակառակորդին սատարած բաժնի պետի հետ: Դանիելյանը պատասխանեց. «Դեռ պետք է կառուցվածքային փոփոխություններ անենք: Նոր թիմ ենք ձեւավորելու: Կառուցվածքային փոփոխություններից հետո կասենք, այս պահին նման մտադրություն չունենք»: Այսպիսով՝ քաղաքական հաշվեհարդարը քաղաքապետը փորձում է ձեւակերպել իբրեւ կառուցվածքային փոփոխություն, որը, սակայն, չի վրիպի ԶԼՄ-ների աչքից: Դա անթույլատրելի է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանն անցած տարվա ընթացքում ձեռք է բերել14.4 մլն դրամ արժողությամբ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորի փոխառության գումարը տարեվերջին կազմել է 2 մլն դրամ: Սակայն նա ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել: Հարությունյանը մի քանի եկամուտ է հայտարարագրել՝ պատգամավորական աշխատավարձը՝ 588 հզ. դրամ, եւ 46 հզ. դրամ կենսաթոշակ: Նա հայտարարագրել է նաեւ փոխառության՝ պարտքով տրված գումարի տոկոսավճարի տեսքով ստացված եկամուտ, որը կազմել է 281 հզ. դրամ: Ի դեպ, նոր գնված ավտոմեքենան նա հայտարարագրել է որպես նվիրատվություն: Թանկարժեք գույք ձեռք բերելու հարցում պատգամավորին չի զիջում նաեւ նրա կինը՝ Հասմիկ Ադամյանը, որն անցած տարվա ընթացքում ձեռք է բերել 24 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն: Տիկին Ադամյանն ամսական ստանալով 36 հզ. դրամ կենսաթոշակ՝ իբրեւ «այլ եկամուտ» հայտարարագրել է 32 մլն դրամ: Իսկ տունն էլ հայտարարագրել է իբրեւ նվեր: Ի տարբերություն ամուսնու, տնային տնտեսուհի Հասմիկ Ադամյանը հայտարարագրել է 30 մլն դրամ եւ 20 հզ. դոլար դրամական միջոց:
ՄԹԵՐՔ ԵՎ ԱՊՐԱՆՔ Է ՈՒՂԱՐԿԵԼ
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊԵԿ-ից պարզել, թե կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը որքան գումար է փոխանցել Արցախին: Ի պատասխան՝ ասացին, որ Հովսեփյանն օրերս Արցախ է ուղարկել 2 բեռնատար սննդամթերք, հագուստ, անկողնային պարագաներ, վրաններ, քնապարկեր, ծխախոտ եւ այլ ապրանքներ: Տեղեկացնենք, որ ՊԵԿ նախագահը պաշտոնապես հայտարարագրել է 185 մլն դրամ, 1 մլն 855 հազար դոլար դրամական միջոց եւ 2 մլն դոլար փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումար: Բայց այս ունեցվածքի տեր մարդը Արցախի սպառազինության համար փաստացի գումար չի փոխանցել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԱՅՑԵԼԻ
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, կայցելի Հայաստան: Այցի ընթացքում պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Պետքարտուղարը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԲՈԼՈՐԻՆ Ի ՏԵՍ
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին երեկ ուղարկվել է ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին եւ այլն: Զեկույցը նաեւ ուղարկվել է Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture, ինչպես նաեւ մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:
ԺԱՄԱՆԵԼ ԵՆ
Երեկ 100 LIVES & Aurora Prize-ի համահիմնադիր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին: Նրանց դիմավորել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ով միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:
ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ
«Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը 2015 թվականի սեպտեմբերի սկզբին կնոջ եւ երեխայի հետ անցել էր Ադրբեջանի սահմանը եւ քաղաքական ապաստան խնդրել, երեկ ընտանիքով մեկնել է երրորդ երկիր:
ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հադիպման ընթացքում նա Լավրովին հետեւյալ հարցն է ուղղել. «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»: Ի պատասխան` Լավրովը տվել է դիվանագիտական հեղհեղուկ պարզաբանում, սակայն Ս. Սարգսյանի կողմից ինքնին հարցի հնչեցումն արդեն չափազանց խոսուն էր: