Այսօր հայ մեծ կոմպոզիտոր , ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան օրն է:
Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին (հին տոմարով հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա): Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։
Ալեքսանդր Սպենդիարյանի անունը իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, անընկճելի երաժշտահասարակական գործիչ, երիտասարդներ կրթող նրբանկատ մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական /իրատեսական/ ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է քառասունից ավելի երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերա-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, մեկ օպերայից, երկու մելոդեկլամացիաներից, մի քանի խմբերգերից ու վոկալ անսամբլներից։ Սպենդիարյանի գրչին են պատկանում մեծ քանակությամբ ժողովրդական երգերի մշակումներ՝ հայկական, ռուսական, ուկրաինական, թաթարական (Ղրիմի): Սպենդիարյանի ինքնատիպ երաժշտական ոճը դրսևորվեց արևելյան թեմաներով գրված ստեղծագործություններում։
Այդ մասին կոմպոզիտորը հետևյալն է գրում. «Հետադարձ հայացք նետելով այն ամենին, ինչ ես գրել եմ մինչև օրս, կարելի է այն եզրակացությանը գալ, որ… իմ ստեղծագործություններից առավել անհատական են արևելյան ոճի ստեղծագործությունները»: Լինելով «նոր ռուսական երաժշտական դպրոցի» ՝«Հզոր խմբակի» հետևորդը Սպենդիարյանը հակվեց ծրագրային երաժշտությանը, որին բնորոշ են վառ կերպարայնությունը, երաժշտական լեզվի գունեղությունը, անմիջականությունն ու հուզականությունը։ Դեռևս Սիմֆերոպոլի գիմնազիայում ուսանելու տարիներին երիտասարդ Սպենդիարյանը գրում է իր առաջին ստեղծագործությունները։ Ստեղծագործական առաջին փորձերի թվում կային նաև հերոսական երգերի մշակումներ ջութակի և դաշնամուրի համար, զինվորական քայլերգեր, ինչպես նաև մի շարք հայկական ազգային մեղեդիների մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ «Գացեք տեսեք», «Ջան գյուլում» և այլն։ 1890-ական թթ. Սպենդիարյանը ստեղծեց մեծ քանակությամբ երգեր և ռոմանսներ, որոնք հագեցած էին լուսավոր, անհոգ քնարականությամբ, մեղեդայնությամբ, պարզ ու մատչելի երաժշտական կառուցվածքով։ Դրանցում արտացոլվեցին ռուսական կենցաղային երգերի և ռոմանսների անմիջական ազդեցությունը։ 1900 թ. Սպենդիարյանն ավարտելով ուսումնառությունը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ, սկսեց իր որոնումները ստեղծագործական նոր արտահայտչաձևերում, ինչպես նաև երաժշտա-հասարակական գործունեության բազմակողմանի դրսևորումներում։ Այս ժամանակահատվածում Ալեքսանդր Սպենդիարյանն ակտիվ տարվեց երաժշտահասարակական, դիրիժորական և կոմպոզիտորական գործունեությամբ՝ նպաստելով Ղրիմի համերգային կյանքի և երաժշտական կրթության զարգացման գործին։ 1900-1917 թթ. Սպենդիարյանը գրեց իր խոշորակտավ ստեղծագործությունների մեծ մասը։ «Ղրիմյան էսքիզներ»-ի երկու սերիաները(1903, 1912 թթ.) «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր(1905 թ.), մելոդեկլամացիաներ՝ «Մենք կհանգստանանք»(ըստ Չեխովի Սոնյայի մենախոսությունը «Քեռի Վանյայի» պիեսից(1910 թ.), «էդելվեյս»(ըստ Գորկու, 1911 թ.), վոկալ անսամբլներ՝ «Պաղեստինի ոստը»(1901 թ.), «Չհնձված արտը», (1902 թ.), «Վլադիմիր Ստասովի հիշատակին» կանտատը(1907 թ.), «Բեդա Քարոզիչ»(1907 թ.), «Ձկնորսն ու փերին»(1902 թ.), և այլն։ Ակտիվ էին նրա շփումները տարբեր երաժշտա-հասարակական կազմակերպությունների հետ։ Դրանց թվում էին Ղրիմի, Խարկովի, Օդեսսայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Նախիջևանի, Բաքվի երաժշտա-հասարակական կազմակերպությունները, տպարանները, երգչախմբային և նվագախմբային միությունները, ուսումնական հաստատությունները և այլն։ Շատ լայն էր Սպենդիարյանի ստեղծագործական շփումները մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես ռուս այնպես էլ հայազգի արվեստագետների հետ՝ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Գլազունով, Բորիս Ասաֆև, Միխայիլ Գնեսին, Սերգեյ Վասիլենկո, Եվգենիա Զբրուևա, Ֆելիքս Բլյումենֆելդ, Նիկոլայ Չերեպնին, Նիկոլայ Ամանի, Սերգեյ Մերկուրով, Եվգենյա Մռավինա, Ալեքսանդր Ծատուրյան, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Հովհաննես Նալբանդյան և այլն։
Այդ մասին են վկայում նրա նամակագրական կապերը, և ժամանակակիցների հուշերը կոմպոզիտորի մասին։ Սպենդիարյանի ստեղծագործական կյանքում բեկումնային եղավ 1916 թ. նրա այցը Թիֆլիս, որտեղ նա ծանոթացավ Հովհաննես Թումանյանի հետ և ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով գրեց իր «Ալմաստ» օպերան։ Թիֆլիսում նաև կազմակերպվեցին կոմպոզիտորի հեղինակային համերգները, որից ստացված հասույթը Սպենդիարյանը տրամադրեց 1915 թ. ջարդերից տուժված հայերին։ Անընկճելի եռանդով Սպենդիարյանը շարունակեց իր գործը նաև հայրենիքում։ 1924 թ. գալով Երևան նա ձեռնամուխ եղավ հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, որի անդրանիկ համերգը կազմակերպվեց 1924 թ. դեկտեմբերի 10-ին։ Սպենդիարյանն մանկավարժի և կոմպոզիտորի իր հմտությունները կիսեց և փոխանցեց երիտասարդ կոլեգաներին և ուսանողներին։ Հետաքրքիր մտքեր և ծրագրեր առաջարկեց երաժշտական հրատարակություն, օպերային թատրոն, ֆիլհարմոնիա ունենալու մասին, որոնք կոմպոզիտորի մահից տարիներ հետո դարձան իրականություն։ 1925 թ. Երևանում նա գրեց իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երևանյան էտյուդները», որը նվիրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբին։
1926 թ. մեծ շուքով նշեցին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25-ամյա հոբելյանը, նույն թվականին նա ստացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի և պետկոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչումները։ Սպենդիարյանի համար կարևոր նշանակություն ուներ 1927 թ. օպերային դասարանի հասարակական ելույթը, որին կոմպոզիտորը մեծ նշանակություն էր տալիս. «Զարյա Վոստոկա» թերթում կոմպոզիտորը գրեց. «Մայիսի 18-ին հայկական օպերայի հիմքը դրվեց»: 1928 թ. Հայաստանում, ինչպես նաև ողջ Խորհրդային միությունում նշվում էր Մաքսիմ Գորկիի ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Հոբելյանական այդ համերգը ղեկավարում էր Սպենդիարյանը։ Դա կոմպոզիտորի վերջին ելույթն էր։ ։